Երեք օր շարունակ 18:00-ից մինչեւ 19:00-ն, Կասկադում հայկական ռոք խմբերը կներկայացնեն բրիտանական երաժշտություն «Բրիտանիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Հոկտեմբերի 4-ին ելույթ ունեցավ հայկական Doctor at Large ռոք խմբի սոլիստ Վարդան Արշակունին: Երգիչը մենակ էր հանդես գալիս, որովհետեւ մյուս անդամները զինծառայության մեջ են:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդակցության գծով ղեկավար Լիլիթ Քալանթարյանն ասաց, որ համերգների նպատակն է հայերին ներկայացնել բրիտանական արվեստը. «Սա կոչվում է British basking, որը նշանակում է փողոցային երաժշտություն: Լոնդոնում էլ շատ երաժիշտներ նվագում են այսպես. իրենց արվեստն են ցույց տալիս, միաժամանակ, գումար հավաքում: Հայաստանում մենք գումար չենք հավաքում, այլ ուղղակի անցորդներին ներկայացնում են բրիտանական հետաքրքիր երաժշտություն»:
Արդեն երկու տարի գործող Doctor at Large ռոք խմբի սոլիստ Վարդան Արշակունին էլ կարեւորում է նման փողոցային համերգները. «Քանի որ ես նվագում եմ «ինդի ռոք» ոճում, իսկ «ինդին» հիմնականում Բրիտանիայում է շատ տարածված, ինձ խնդրեցին մասնակցել, ես համաձայնեցի: Նման միջոցառումները կարեոր են, քանի որ դրսում նվագելով՝ ավելի շատ մարդիկ են անցնում-լսում, ծանոթանում ռոք երաժշտությանը»:











