Երևանի պետական կամերային թատրոնի փոքր դահլիճում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Սերգեյ Դանիելյանի «Իդիոտների մասին» կոչվող մոնո-ներկայացման պրեմիերան: Ներկայացումից առաջ Սերգեյ Դանիելյանը մոտեցավ բոլոր սեղաններին, բարեւեց, զրուցեց հանդիսատեսի հետ, հումորներ արեց եւ իր ձեռքով մատուցեց սուրճ, թեյ, կոնյակ: Ներկայացումը տևեց մոտ մեկ ժամ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դերասան Սերգեյ Դանիելյանն ասաց, որ ներկայացման մտահղացումը վաղուց էր առաջացել: Ըստ դերասանի՝ իդիոտները ծանոթ մարդկանց տիպաժներ են, և նրանք ամենուրեք են մեր կյանքում. կարող են լինել քաղաքական դաշտից, հինգ րոպեում երեք անգամ «սիգնալ տվող» տաքսու վարորդներ, սիգարետի մնացորդը գազի հաշվիչի ու պատի արանքում խցկողներ: «Իդիոտները բոլոր նրանք են, ովքեր արդարանում են, որ իրենք այնքան էլ իդիոտ չեն, ինչքան երևում է: Իդիոտները նրանք են, ովքեր որոշում են՝ մենք ոնց պիտի ապրենք: Իդիոտը այն մարդն է, ով հաստատ գիտի՝ դու ինչ պիտի անես: Ընդհանուր ներկայացումն այս մասին է»,- ասաց Սերգեյ Դանիելյանը: Իդիոտը, ըստ դերասանի, չի ընդունում դիմացինին այնպիսին, ինչպիսին որ նա կա և ուզում է նրան փոխել. «Նա կարծում է որ դու պիտի լինես էսպես՝ քո մի աչքը պիտի լինի կապույտ, մեկը սև»: 

Դերասանի խոսքով՝ շատերը կարող են իրենց էլ տեսնել իդիոտների շարքերի մեջ և վատ զգալ, որ իրենք էլ են այդ դասին պատկանում: «Ներկայացումը հումորային է, և նպատակ չի հետապնդում ինչ-որ մեկին վիրավորել: Ներկայացման մեջ կան դրվագներ, որ ես ինքս իմ մասին եմ խոսում և ես իդիոտներից մեկն եմ»,- ասաց Սերգեյ Դանիելյանը: Ըստ դերասանի, ներկայացման ասելիքն այն է, որ մարդ պիտի հասկանա, թե ինքը երբ է իդիոտանում, սկսում ապուշի մեկը լիել, այդ պահից սկսած՝ պետք է մի քայլ հետ քաշվի: «Հասարակության 90 %-ը իդիոտ է, դրանով է պայմանավորված YouTube-ում Gangnam Style երգի միլիարդից ավելի դիտումները: Դա միայն մեր հասարակությանը չի վերաբերում: Ամբողջ աշխարհում է իդիոտացում գնում: Ներկայացումը հասարակության մասին է: Ընդհանրապես իմ ներկայացումները քաղաքական բնույթ չեն կրում»,- նշեց դերասանը: