«Զվարթնոց» օդանավակայանի ժամանումների սրահում այսօր երեկոյան ասեղ գցելու տեղ չկար: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանին դիմավորելու էին գնացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, քաղաքացիական ակտիվիստներ՝ իրենց հետ տանելով եռագույն փուչիկներ, ծաղկեփնջեր եւ պատգամավորին սատարող գրություններով պաստառներ: Այս կերպ նրանք իրենց աջակցությունն էին հայտնում Փոստանջյանին, որի դեմ վերջին օրերին վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացել քաղաքական դաշտում եւ սոցիալական ցանցերում: Լրագրողները Զարուհուն օղակի մեջ էին առել եւ հարցախեղդ էին անում:
Աջակիցները նրան դիմավորել են ծափողջյուններով, հայրենասիրական երգերով եւ «Զառա, Զառա» վանկարկումներով: Ծաղիկներ են նվիրել, գրկել ու համբուրել: Զարուհուն եւ նրա ընտանիքի անդամներին հավաքված բազմությունը ուղեկցել է մինչեւ մեքենա:











