ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ չորս ակտիվիստների խափանման միջոցը փոխելու հայցի դատալսումն ընդմիջվել է։ Դատարանը հեռացել է՝ որոշում կայացնելու ոստիկան Տիգրան Ավետիսյանին կրկնակի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ։

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում հիշեցրել է, որ ըստ դատաբժշկական առաջին փորձաքննության եզրակացության, ինքը կոտրել է ոստիկանի քիթը, մինչդեռ դեպքից չորս ժամ հետո արված տեսագրությունում երեւում է՝ ինչպես է ոստիկանը վնասված շրթունքով ցուցմունք տալիս։ «Ինչպե՞ս կարող էր նա կոտրված քթով չորս ժամ հետո հանգիստ ցուցմունք տալ»,- հարցրեց Տիգրան Առաքելյանը։

Բացի դրանից ՀԱԿ Գեւորգյանը հիշեցրեց, որ Արեգ Գեւորգյանն ականատես է եղել՝ ինչպես է նույն ոստիկանը Տիգրան Առաքելյանի շապիկով սրբում իր քիթը, ինչը չէր կարող անել, եթե քիթն իսկապես կոտրված լիներ։

«Մի խոսքով, ես չեմ հավատում, որ նրա քիթը կոտրվել է»,- հայտարարեց Տիգրան Առաքելյանը՝ պահանջելով, որ նոր փորձաքննութունը կատարվի իր պաշտպանի ներկայությամբ։

Պաշտպանական կողմը նաեւ ներկայացրեց միջնորդություն՝ տուժող Շահեն Հարությունյանին կրկին դատարան կանչելու պահանջով, քանի որ կան ապացույցներ, որ դեպքի օրը նա չէր կորցրել հեռախոսը եւ ցուցմունք տալիս ստել է։

Այս պահին Վերաքննիչ դատարանի դրսում հավաքված են ՀԱԿ անդամները, երիտասարդ ակտիվիստներ ու քաղաքացիներ։ Նրանց մեծ մասը սպիտակ շապիկներ են հագել, որոնց վրա սեւ պրինտով պատկերված է Տիգրան Առաքելյանի նկարը եւ գրված է «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին»։ Տիգրան Առաքելյանը նույնպես դատարանում նման շապիկով էր։

Տիգրան Առաքելյանին ու ընկերներին սատարելու եկածները դեռ հույս ունեն, որ ակտիվիստներին կարող են ազատ արձակել դատարանի դահլիճից։

Շապիկներից մեկի վրա բոլոր ցանկացողները ստորագրում են, որպեսզի հետո այն նվիրեն Տիգրան Առաքելյանին։

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Վերաքննիչ դատարանը մի քանի անգամ մերժել է Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am