«Հետեւի շարքում նստածներ, ոտքի կանգնեք։ Ձեր մեջ հաշմանդամություն ունեցող կա՞։ Ծամոնը հանեք, ձեզ մի քիչ պարկեշտ պահեք»,- ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստի ընդմիջումից ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը դատը վերսկսեց դահլիճում ներկաներին նկատողություն անելով, ինչին հավաքվածները պատասխանեցին բողոքի բացականչություններով (ֆոտոռեպորտաժ

Եվա Դարբինյանը կարդաց դատարանի որոշումը. դատարանը մերժել է Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ մյուս ակտիվիստների պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ոստիկան Տիգրան Ավետիսյանին կրկնակի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին։

«Դատարանը միջնորդությունը մերժեց, որովհետեւ դա բեկում էր մտցնելու դատական գործընթացում, եւ դատավորը ձեռնպահ մնաց մյուս ատյանի դատարաններին վատ վիճակի մեջ դնելուց»,- հայտարարեց Տիգրան Առաքելյանը։

Շահեն Հարությունյանին կրկին դատարան կանչելու միջնորդությունը դատարանն ընդունեց։ Մյուս դատը նշանակվեց չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին։

Փաստորեն, հույսերը, որ Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ մյուս ակտիվիստների նկատմամբ այսօր վճիռ կկայացվի, եւ նրանք դատարանի դահլիճից ազատ կարձակվեն, չարդարացան։

Դահլիճն այս որոշմանը բուռն արձագանքեց՝ «ամոթ, ամոթ», «գնացեք Լիսկային բռնեք», «ազատություն, ազատություն» բացականչություններով։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am