Որեւէ մեկը ձայնի իրավունքի վերաբերյալ սեփականության իրավունք չունի, դա պատվիրակության բոլոր անդամների ձայնն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝  անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի՝ իր ձայնը վերջինիս զիջելուն։

«Հետեւաբար այն պատվիրակության անդամները, որոնք ցանկություն չունեն հարց տալու, ոչ միայն իրավունք ունեն, այլեւ պարտավոր են ձայնը տալու, զիջելու խնդիր չկա, մշտական եւ փոխարինող անդամի դեպքում եւս որեւէ տարբերություն չկա»,- մեկնաբանեց պատգամավորը։

Իր հարցից հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում սառը, անտարբեր միջավայր էր, իսկ արտասամանի գործընկերները քաջ գիտակցում էին՝ հարցը ինչին է վերաբերում, «բոլորի համար էլ ամեն ինչ պարզ է, ասում էին՝ հասկանում ենք, որ հնարավոր հետապնդումներ կարող է տեղի ունենան, պետք է ամուր լինել»։

Պատգամավորը շեշտեց, որ Սերժ Սարգսյանի կազինոյում մեծ գումար պարտվելու մասին հարցը հնչեցրել է մեր ժողովրդի կողմից, «դա այն հարցն էր, որը ես պարտավոր էի հնչեցնել այնտեղ, մեզ համար դուրս եւ ներս գոյություն չունի, Եվրոխորհուրդը այն հարթակն է, որտեղ հայ ժողովուրդը իրավունք ունի ներկայանալու եւ որպես ժողովրդի ներկայացուցիչ՝ ես հնչեցրել եմ այդ հարցը, որը հուզում է մեր հանրությանը»։ «Ես լիազորված եմ «Ժառանգության» կողմից եւ գործել եմ իմ լիազորությունների շրջանակում։ Միգուցե կային այլ հարցեր, նախ ես ունեի երեսուն վայրկյան, այդ ժամանակ պետք է կարողանաս ներկայացնել քո հարցը, ինչը ես արել եմ, բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր քննադատում են, իրենք էլ ունեին հնարավորություն, կարող էին գրանցվել եւ հարց ուղղել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ հանդիպել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, զրուցել են, շատ դրական եւ ողջունելի գնահատականներ են հնչել իր կողմից։

Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ «Ժառանգությունը» ազգային, ազատական կուսակցություն է, որտեղ խրախուսվում է բազմակարծությունը, իրենք կոմունիստական կուսակցություն չեն կամ ՀՀԿ-ն չեն, որ ղեկավարի կարծիքից բացի այլ կարծիք չլինի։ Միեւնույն ժամանակ, նա հավելեց, որ կուսակցության ներսում տարաձայնություններ չունեն։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am