ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հոկտեմբերի 7-ին, կեսօրից հետո, այցելեց իրեն պատկանող «Ծածկած շուկա»։

«Էկել եմ միրգ գնելու»,- լրագրողներին ասաց Ալեքսանյանը։

Ժպիտը դեմքին գործարարը շրջում էր միրգ-բանջարեղենի տաղավարներով, որը ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, շուկայում մոտ տասը տոկոս տարածք է զբաղեցնում։

Շուկայի գների, պայմանների վերաբերյալ լրագրողների հարցերին Ալեքսանյանը խուսափում էր պատասխանել՝ ուղարկելով տնօրենի մոտ. «Տնօրենը ես չեմ, տնօրենին հարցրեք»։ Լրագրողների հարցին, թե որտեղ է տնօրենը, պատասխանեց. «Տնօրենին կասեմ, կզանգի քեզ»։

NEWS.am-ի լրագրողին Սամվել Ալեքսանյանը հարցրել է. «Ճիշտը գրո՞ւմ ես»։ Լրագրողի դրական պատասխանից հետո ասել է. «Եթե դու տենց բարի աղջիկ ես, արի սաղ օրը էսօր հետս շրջի։ Հեռախոսիդ համարը տուր, որ զանգեմ, գամ քեզնից շնորհակալություն հայտնեմ»։ Լրագրողի պտասխանին, թե «Ինչի՞ համար ինձանից շնորհակալություն հայտնեք, ես իմ գործն եմ անում», Ալեքսանյանն ասել է. «Ամեն ինչի»։

Դիտարկմանը, որ քաղաքացիները բողոքում են գները բարձրությունից, Ալեքսանյանն ասել է. «Գների համար է՞լ ես պետք ա պատասխան տամ»։

Եվս մեկ դժգոհություն գյուղացիներից, որ իրենց տաղավար չեն տրամադրում, եւ շուկայում միայն վերավաճառողներ են։ Պատգամավորը զարմացել է. «Մենք չենք իմանում՝ որն ա վերավաճառող, որը՝ գյուղացի։ Հիմա դու որ մարդու դեմքին նայում ես, գիտե՞ս՝ ինքը վերավաճառող ա թե...»։