Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելու հիմքերը, թե նա կարող է թաքնվել քննությունից, խուսափել քրեական պատասխանատվությունից, վերացել էին այն պահից, երբ պարզ էր դարձել, որ համաներման օրենքը կիրառվում է Տիգրան Առաքելյանի վրա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Վերաքննիչ դատարանի բակում նիստից հետո լրագրողներին ասաց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատապաշտպան Մուշեղ Շուշանյանը։
«Ես դատարանին հայտարարեցի, որ պատրաստվում եմ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը վերացնող միջնորդություն ներկայացնել, դատարանը հրաժարվեց այդ միջնորդությունը առհասարակ քննության առնել, և դատական նիստը համարեց փակված և հայտնեց հաջորդ դատական նիստի օրը: Սա բացահայտ կամայական քայլ էր դատարանի կողմից, նման ակնհայտ աղաղակող կամայականություն չէր եղել այս դատական պրոցեսի ընթացքում»,- ասաց պաշտպանը։
Դատապաշտպանի խոսքով՝ նման միջնորդությունը այս դատական նիստին կարևորվում էր նրանով, որ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման օրենքը տարածվում էր Տիգրան Առաքելյանի վրա, և եթե այսօր դատական պրոցեսն ավարտվեր, և դատարանը որոշում կայացներ, թեկուզ անփոփոխ թողներ վճիռը, դատարանը պետք է կիրառեր համաներում և ազատ արձակեր Տիգրան Առաքելյանին դատական նիստերի դահլիճից:
«Մեր նպատակը Տիգրան Առաքելյանին և մյուս տղաներին արդարացնելն է: Մենք կաող էինք այսօր միջնորդություն չներկայացնել, և դատարանը որոշում կայացներ և ազատեր Տիգրան Առաքելյանին, սակայն մենք որոշեցինք լիարժեք օգտվել մեր դատավարական իրավունքներից: Մեր նպատակն է հիմնավորել, ապացուցել, որ Տիգրան Առաքելյանը և մյուս տղաները ոստիկանության կողմից կամայականությունների զոհ են, նրանք հանցագործներ չեն, հանցագործներ են նրանց նկատմամբ ապօրինի գործողություններ կատարողները»,- ասաց պաշտպան Շուշանյանը:
Շուշանյանն ասաց, որ Հայաստանում դատարանը անկախ գործող մարմին չէ, և նման միջնորդությունը եթե իրենք քննության առնեին, պիտի համաձայնեցնեին «ինչ-որ վերադասների հետ»:
«Ոչ թե դատարանը պիտի սպասեր, որ մենք հանդես գայինք նման միջնորդությամբ, այլ դատարանը սեփական նախաձեռնությամբ պետք է Տիգրան Առաքելյանի կալանքը վերացներ և այսօր դատական նիստը սկսելուն պես պետք է հայտարարեր, որ նա այլևս ազատության մեջ է: Բայց դատարանը, ինչպես կանխատեսելի էր, նման հայտարա8ություն չարեց»,- նշեց Մուշեղ Շուշանյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին իրենք շարունակելու են ներկայացնել միջնորդություններ:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Վերաքննիչ դատարանը մի քանի անգամ մերժել է Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։











