Ռոբերտ Փիլոյանի կյանքի համար պատասխանատվությունն այսուհետեւ ընկնում է մեղադրող կողմի եւ դատարանի վրա: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ կալանավայրում պահվող Ռոբերտը կալանքի առաջին օրվանից գանգատներ է ունեցել, սրտի շրջանում ցավերի և արյան ճնշման տատանումների պատճառով նա նույնիսկ չի կարողանում պառկած տեղից վեր կենալ: Ըստ փաստաբանի, Ռոբերտի մոտ կրիզիսային վիճակ է, ինչը վտանգավոր է նրա կյանքի համար:
Չնայած Քրեական դատավարության օրենսգրքով նման ընթացակարգ սահմանված չէ, փաստաբանը պահանջեց, որ հայցվոր կողմը գրություն տա, որ Ռոբերտ Փիլոյանի առողջական վիճակի վատթարացման դեպքում ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: «Եթե մի բան լինի պաշտպանյալի հետ, ո՞վ է պատասխան տալու: Այս մի երկու օրվա ընթացքում արդեն մի քանի անգամ շտապ օգնություն են կանչել: Քրեակատարողական հիմնարկում մասնագետներ չկան, որ համապատասխան բուժում իրականացնեն»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:
Մեղադրող կողմը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում Ռոբերտի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխելու նրա փաստաբանի միջնորդությունը բավարարելը, ինչին բուռն արձագանքեց Ռոբերտի մայրը. «Ուզում ես տղուս գլուխը ուտե՞ս: Պատասխան կտաս դրա համար»: Դատական կատարածուները նրան դուրս բերեցին դահլիճից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Արմավիրի Նորապատ համայնքի բնակիչներից մեկի խոտը դեզը միտումնավոր ծխահարելու մեջ մեղադրվող չորս անձանցից մեկին՝ Արթուր Քլյանին առողջական վիճակը հաշվի առնելով գրավի դիմաց ազատ են արձակել: Քլյանն այսօր ներկա էր դատական նիստին, եւ միջնորդությունը մերժելու դատարանի վճիռը լսելիս կրկին վատացավ, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվողները չորսն են՝ Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը և Արթուր Քլյանը: Արդեն մոտ վեց ամիս նրանք կալանավորված են:
Արամ Մուղալյանը 11 օր հացադուլ է անում: Մի քանի օր առաջ նա ջրադուլ էր հայտարարել, բայց դատախազության աշխատակիցներին իր պահանջները ներկայացնելուց հետո, դադարեցրել էր ջրադուլը:
Դատական նիստը հետաձգվել է մինչու հոկտեմբերի 11-ը:











