Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի եղբորը՝ Միխայիլին, 1000 ռուբլով տուգանել են ՌԴ նախախգահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն իրականացրած ակցիայի համար։
«Ծնունդդ շնորհավոր, Ուլտրալորդ» - նման կարգախոս պարունակող փուչիկով Միխայիլ Դվորկովիչը փորձել էր շնորհավորել Պուտինի ծնունդը։ Իրավապահները նրան ձերբակալել էին նախքան շնորհավորանքով փուչիկի օդ բարձրանալը։
«Ձերբակալման պատճառը մեզ բացատրել են միայն հինգ ժամ անց: Մենք փուչիկ էինք փչել, որն անել չէր կարելի: Եվ հետո փորձել էինք ինչ-որ ապօրինի ցույցեր անցկացնել` չնայած մենք ընդամենը չորս հոգի էինք՝ մանկական խաղահրապարակում», - Life News-ին է պատմել Միխայիլ Դվորկովիչը:
Life News-ին ակցիայի կազմակերպիչ Սերգեյ Կալենիկը պատմել էր, որ «գլխավոր ցանկությունն իր կոմիքսի վրա ուշադրություն հրավիրելն էր, Ուլտրալորդն իմ կոմիքսի գլխավոր հերոսն է»: «Նրան ես ուլտրալորդ եմ պատկերացնում, որը պատրաստվում է նշել իր 661-րդ ծննդյան տոնը, սակայն իր մոտ ոչինչ չի ստացվում, բոլորը խանգարում են», - պատմել է նա:
Ըստ Միխայիլ Դվորկովիչի` բաժանմունքում իրեն երկար ժամանակ պահել են առանց մեղադրանք ներկայացնելու: Հինգ ժամ անց հայտարարել են մեղադրանքը. չարտոնված գործողություն:











