Հոկտեմբերի 9-ի առավոտյան «Ծածկած շուկայի» սոպերմարկետն արդեն գործում էր։ Միրգ-բանջարեղենի հատվածը բացվել էր դեռ երկու օր առաջ։ Շուկայի ճակատին դեռ ցուցանակ չկա, բայց ներսում՝ առեւտրի զամբյուղների եւ սյուների վրա գրված է «Փակ շուկա»։ Նախկին «Ծածկած շուկան» հիշեցնում է միայն անվանումը։
«Ծածկած շուկայի» մշակութային արժեքը պահպանելուն ուղղված ջանքերի տապալվելուց հետո քաղաքացիական ակտիվիստները կոչ էին անում քաղաքացիներին բոյկոտել առեւտուրը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ծածկած շուկայում եւ գնումներ չանել։ Բայց այսօր առավոտից արդեն գնորդների ակտիվություն էր նկատվում հենց սուպեմարկետի հատվածում։
Հիեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, երբ վերակառուցված շուկան առաջին անգամ բացեց դռները, քաղաքացիական ակտիվիստները, որոնք մինչեւ այդ պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում շուկայի մոտ, կլոր սեղան էին հրավիրել քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ։ Երեկ ակտիվիստները ասուլիս հրավիրեցին, որտեղ պատասխանեցին իրենց պասիվության պատճառների մասին հասարակությունում առաջացած հարցերին։ Շուկայի վերաբացումից հետո ակտիվիստների մարտավարությունում ավելացել է պայքարի նոր ֆորմատ՝ «արդեն կատարված հանցագործության մասին պատկան մարմինների հետ քննարկում»։
Իսկ այսօրվանից «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը վերսկսում է բողոքի ակցիաները։ Ամեն օր ժամը 15։00-ին հավաքվելու են Մաշտոցի պուրակում, որտեղից քայլելու են դեպի «Ծածկած շուկա»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











