Կառավարության որոշմամբ՝ տնտեսվարողներին պարտադրվող նոր՝ 369.600 դրամ արժողությամբ wifi-ով ՀԴՄ-ները լուրջ հարված կհասցնեն փոքր բիզնեսին, այդ թվում՝ հրատարակչությանն ու գրավաճառներին։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Մի սենց խնդիր կա. ընտանիքը բացում է գրախանութ, աշխատավարձերը վճարելուց հետո, մնում է ամիսը մոտ 100-200$ շահույթ: Էդ շահույթը մնում է, որ ՀԴՄ առնի՞»,- ասաց «Անտարես» հրատարակչության տնօրենը:
Հրատարակչության տնօրենի կարծիքով՝ գիրքն այսօր ամենախոցելի բնագավառն է. «Գրավաճառությունն այսօր հազիվհազ ծիլեր էր տալիս և այդ քայլով հաստատ կմորթեն գրավաճառների բիզնեսը»:
Արմեն Մարտիրոսյանը հաշվել է, որ, օրինակ, Օպերայի կողքի տաղավարում տարեկան վաճառվում է 300-350 գիրք: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր գիրքը 1000 դրամով կթանկանա. «150% բարձրացում ո՞նց կարելի է թույլ տալ էս բնագավառում»:
Տնտեսվարողները, իհարկե, ՀԴՄ-ն կարող են ձեռք բերել արտասահմանում, բայց կառավարությունը պարտադրում է գնել կոնկրետ ներմուծողից։
«Չինաստանում կարող եմ գնել 30$-ով, բայց Հայաստանում ես իրավունք ունեմ այն գնելու միայն մեկ ընկերությունից»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Արմեն Մարտիրոսյանը սա հերթական ոտնձգությունն է համարում գործարարի նկատմամբ։ «Ինչպես որ հրշեջ բալոններն էին ստիպողաբար վաճառում, հիմա էլ ՀԴՄ-ներն են վաճառում»,- ասաց նա։
Նոյեմբերի 1-ից արդեն տնտեսվարողները պետք է գնած լինեն ՀԴՄ-ները։ Փոքր բիզնեսի համար կառավարության որոշմամբ նախատեսված են զեղչեր, սակայն ՊՕԱԿ-ը զեղչի համար դիմողներին հետ է ուղարկում, ասելով, որ զեղչը դեռ սահմանված չէ։ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ սա եւս մեկ «խորամանկ, նենգ քայլ է իշխանությունների կողմից, որպեսզի սպանեն փոքր գործարարությունը»։











