Առաջիկա ձմեռը Եվրոպայում չափից ավելի ցուրտ է լինելու։ Անսովոր սառնամանիքները կանխատեսել է գերմանացի օդերեւութաբան Գեորգ Մյուլլերը, ով ուսումնասիրությունները կատարել է Thomson Reuters ընկերության Point Carbon հետազոտական-վերլուծական կենտրոնի պատվերով։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Մյուլլերի հետազոտությունը ներառում է 2013թ. հոկտեմբերից մինչեւ 2014-ի մարտ ընկած ժամանակահատվածը։

Հրապարակումը օդեւերութաբանների շրջանում թեժ քննարկումների առիթ է տվել։ Ոմանք նշում են, որ Եվրոպայում ձմռանը ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, ոմանք էլ, այդ թվում նաեւ` Մյուլլերը, վկայակոչելով իրենց հետազոտությունների արդյունքները, ինչպես նաեւ ԱՄՆ ազգային օդերեւութաբանական կենտրոնի (US NWC CPC) կանխատեսումը 2013/14 ձմռան համար, նշում են, որ Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայում սարսափելի ձմեռ է սպասվում։

ԱՄՆ բնական աղետների կանխատեսման ազգային կենտրոնի եւ մթնոլորտային երեւույթների հետազոտության ազգային կենտրոնի (US National Centers for Environmental Prediction (NCEP) and the National Center for Atmospheric Research (NCAR) դիտարկումների վերլուծություն կատարած օդերեւութաբան Ջո Բաստարդին Twitter-ի իր էջում գրել է, որ «Եվրոպային այս տարի մահացու ձմեռ է սպասվում»։ Մասնագետը իր հետազոտությունը կատարելիս, ներառել է նաեւ արեւի ցածր ակտիվության եւ կլիմայի 50-ամյա շրջափուլի մասին տեղեկատվությունը։

Արեւմտյան օդերեւութաբանների մի մասն էլ ավելի առաջ են գնացել գնահատականներում, եւ գրեթե համոզված պնդում են, որ Եվրոպայում շուտով կսկվի «սառցե փոքր դարաշրջանը»։ Եվրոպայում նախորդ «փոքր սառցե դարաշրջանը», ըստ մասնագետների, տեւել է 5 դար՝ 1250-1750 թթ.։ Բազմաթիվ վկայություններ կան, որ այս ժամանակաշրջանում Բրիտանիայում գետերը, այդ թվում՝ Թեմզան, ձմռանը պատվել են սառույցի հաստ շերտով։ Միջնադարյան պատմագիրների հիշատակումներից կարելի է եզրակացնել, որ նույնիսկ Լիսաբոնում ձմռանը սառնամանիքն ու ձնաբուքը սովորական երեւույթ է եղել։

Հետևելով օդերևութաբանների կախատեսումներին, հարկավոր է  հիշել, որ  այս Ձմռանը պետք է պատրաստվել առանձհատուկ զգոնությամբ…