Երկրում ստեղծված իրավիճակի պատճառը սխալ սահմանադրությունն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազատության հրապարակում ազատամարտիկների հերթական հանրահավաքի ժամանակ ասաց ազատամարտիկ Աբգար Գրիգորյանը (Ռանչպար Ապերը):
«Գիտեն իշխանությունը որ փոխվի, բոլորին կախելու են: Չեն կախի, սահմանադրությունը թույլ չի տալիս, նրանք անձեռնմխելի մարդիկ են: Թող սահմանադրությունը փոխեն։ Էս անձենմխելիության ֆենոմենը հանեն արանքից: Մեկը եկավ իշխանության, քնուկ տրիլիոն դոլար կուտե, մեկա գիտի, որ դուրս էլ էկավ, իրան ձեռ չեն տա»,- ասաց ազատամարտիկը՝ նշելով, որ ժամանակին ինքն էլ «սխալմամբ» այո է ասել սահմանադրությանը.
«Քոչարյանը Հայաստան եկավ կալոշներով, իշու կաշկի վրեն նստուկ, ուղղակի էկավ, ըբը իր տղեն իմալ եղավ աշխարհքի ամենահարուստ մարդը, չե՞ք զարմանում»։
Ազատամարտիկի խոսքով՝ ամենակարեւորը ընտրությունների ժամանակ չծախվելն է. «Շատ լավ են անում, որ ուսուցիչների աշխատավարձը չեն բարձրացնում և նպաստառուների նպաստը կտրում են, որովհետև էս իշխանությունների վերարտադրողները ուսուցիչներն ու նպաստառուներն են: 5000 դրամով խաթր են անում, լավ են անում, իրանք էլ կտրում են, ղուրբան եմ էդ իշխանության, կեցցե իշխանությունը այդ կողմից»։
Աբգար Գրիգորյանը ողջունեց բոլոր կուսակցություններին, որոնք հոկտեմբերի 18-ին մասնակցել էին ազատամարտիկների կազմակերպած կլոր սեղանին: «Շնորհակալություն իրենց քանդած երկիրը վերականգնելու ցանկություն հայտնելու համար: Իրենք թող գան վերականգնեն, մենք էլ կօգնենք իրենց, թիկնազոր կլինենք, աշխարհազոր կլինենք, խոստանում եմ, որ կլինենք, միայն թող գան, սարքեն»,- ասաց ազատամարտիկը։
Նա կոչ արեց տարբեր խնդիրներով բողոք ակցիա անցկացնող խմբերին հավաքվել Ազատության հրապարակում, քանի որ Հանրապետության ճակատագիրը Ազատության հրապարակից է սկսվել, և այնտեղ էլ պիտի ավարտվի։
«Քանի էս շենքը կա, երկիրը կա, շենքը չլինի, երկիրը չի լինի»,- ասաց ազատամարտիկը՝ կոչ անելով պատերի տակ բողոքելու փոխարեն միանալ Ազատության հրապարակում իրենց հանրահավաքներին։











