Էական չէ, թե ինչ ընտանիքից ես, մարդն ինքն է իր ապագան կերտում։ Սա էր հոկտեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում ԱՄՆ դեսպանատան եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած կինոդիտման ուղերձը։ «Բրուքլինյան ամրոցը» փաստագրական ֆիլմը Նյու Յորքի հիմնական դպրոցներից մեկի մասին է, որտեղ սովորում են հիմնականում աղքատ ընտանիքների երեխաները։ Ուսուցիչների ջանքերով դպրոցում սկսում են շախմատ դասավանդել:  Աշակերտներն այնքան են սիրում շախմատը, որ շուտով մասնակցում են ազգային առաջնություններին եւ դառնում հաղթող։

«Այս ֆիլմը ցույց է տալիս, որ մի քանի ուսուցիչ կարող են իրենց ջանքերը համադրել եւ փոխել իրենց աշակերտների կյանքը, իսկ երիտասարդությունը, անկախ սոցիալական կարգավիճակից, կարող է աշխատանքի շնորհիվ հաջողությունների հասնել»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը։

Կինոդիտումը կազմակերպվել է «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան ֆիլմերի ցուցադրության շրջանակում։ Ֆիլմից առաջ «Մոսկվա» կինոթատրոնի բեմին շախմատային սեանս էր: Լեւոն Արոնյանը, Տիգրան Պետրոսյանը,Գաբրիել Սարգսյանը եւ այլ գրոսմայստերներ խաղում էին Հայաստանի մարզերից ժամանած 26 պատանի շախմատիստների հետ։

«Սա միակ պարտությունն էր, որն ինձ չի տխրեցնում»,- NEWS.am-ին ասաց 10-ամյա Էլեն Խաչատրյանը, որն ուժերն էր փորձել աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանի հետ։

Շախմատի սեանսին հետեւում էր նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը երկրպագում էր երեխաներին, քաջալերում նրանց եւ փորձառու շախմատիստներին հորդորում էր ավելի զիջող լինել։

«Հանձնվի, լավ»,- Արշակ Պետրոսյանին հումորով դիմեց նախագահն ու Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչը պարտվեց պատանի շախմատիստին։