Մասնագիտական պարտքը կատարելիս վթարի ենթարկված բժիշկ Արմեն Մկրտչյանն արդեն 6 ամիս սպասում է, որ Առողջապահության նախարարությունը կօգնի իրեն բուժումը Գերմանիայում շարունակելու համար: «Էրեբունի» բժշկական կենտրոնում Արմենին ասել են, որ Հայաստանում ամեն հնարավոր բան արդեն արված է։

Արմեն Մկրտչյանին հանդիպեցինք նրա տանը։ 38-ամյա նախկին զինվորական բժիշկը քայլում է քայլասայլակի օգնությամբ, աջ ձեռքը թուլացել է, 24 ժամ միզածորանին ամրացված է կաթիլային պարկը։ Նրա երեք երեխաներից ամենափոքրը 3 ամսական է, մեծը՝ 6 տարեկան։ Արմենն աշխատունակ չէ։  Կինը չի կարող աշխատել. հազիվ հասցնում է երեք մանկահասակ երեխաներին ու հաշմանդամ ամուսնուն խնամել։ Տունը վարձում են, ամսական՝ 50 հազար դրամ։ Ընտանիքի միակ եկամուտը Արմենի ստացած հաշմանդամության թոշակն է՝44 հազար դրամ։

15 տարի զինվորական սահմանային զորամասերում աշխատելուց հետո մեկ տարի առաջ վերադարձել է տուն հիվանդության պատճառով։ Արմենը հիպերտոնիկ է, 3-րդ կարգի հաշմանդամ։ 2012թ. դեկտեմբերի 1-ից աշխատանքի է անցել  Շտապօգնության ծառայությունում: Ապրիլի 19-ին հերթապահության ժամանակ կանչ է գրանցվել և բժիշկը շտապօգնության մեքենայով ուղևորվել է Արցախի փողոց:

Ճանապարհին «Մերսեդես» մակնիշի մեքենան հարվածել է շտապօգնությանը, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Հրաշքով փրկված բժիշկն այժմ առողջական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել.

«Կոնկրետ հիմա խնդիրներ ունեմ հենաշարժական ապարատի, կենտրոնական նյարդային համակարգի, միզասեռական համակարգի հետ: Ծնոտիս, ատամնաշարիս հետ կապված խնդիրներ կան»,- պատմեց բժիշկը:

Ամիսներ շարունակ «Էրեբունիում» բուժվելուց հետո բժիշկներն իրենց գործընկերոջը խորհուրդ են տվել բուժումը շարունակել արտասահմանում։

Արմենը ոչ ոքի օգնության համար չի դիմել, համեստորեն սպասում է, որ Առողջապահության նախարարությունը կօգնի իրեն, քանի որ ի վերջո ծառայողական պարտականությունները կատարելիս է վթարը տեղի ունեցել։ Պաշտպանության նախարարությունից նույնպես ոչ ոք Արմենի ճակատագրով չի հետաքրքրվել։

Ոստիկանությունում վթարի գործով հետաքննությունը դեռ չի ավարտվել. «Քննիչներն արդեն քանի ամիս գալիս-գնում են, դեռ պարզ չի, թե մեղավորն ով է»։

Շտապօգնության վարորդը, որը վթարի օրը ղեկին է եղել միայն մեկ անգամ է զանգել Արմենին։ Արմենը շատ է ուզում աշխատել, իր ընտանիքի ապրուստը վաստակել, բայց նախ հարկավոր է վերացնել վթարի հետեւանքները։

«Գոնե հետագայում վերականգնվելուց հետո 80%-անոց մարդ դառնանք։ Ինձ համար սա կարեւոր է։ Եթե հնարավոր է, հնարավոր է, եթե չէ՝ էս մտքի հետ պետք է հարմարվենք, մեզ հանձնեք ժամանակին»,- ասաց Արմեն Մկրտչյանը։

Բարեկամները Արմենի բուժումը արտասահմանում կազմակերպելու համար հաշվեհամար են բացել։

ARDSHINIVESTBANK

2470103106930000 AMD

2470103106930010 USD

SWIFT Code: ASHBAM22