Ոստիկանությունը մեկ օրվա մեջ գտել ու բերման է ենթարկել Երեւանի Կոնդ թաղամասում դանակի սպառնալիքով երիտասարդ աղջկանից iPhone 5 մոդելի հեռախոսը գողացած երիտասարդին:  Ինքնախոստովանական ցուցմունքում Աշտարակ քաղաքի բնակիչ Անդրեյ Դավիդյանը պատմել է.

«Հետևել եմ աղջկան Պրոսպեկտից դեպի Կոնդ: Դանակի սպառնալիքով հափշտակել եմ iPhone 5 մոդելի հեռախոսը»։

Կատարվածի մասին պատմել է նաեւ զոհը. «Տեսա՝ ինչ-որ տղա էր կանգնած աստիճանների, հենց ամենավերևի մասում: Լսեցի ձայներ մեջքիս հետևում, ինչպես էր արագ մոտենում վազքով: Բռնեց ձեռքիցս, թեքեց իր կողմ` դանակ կար արդեն ձեռքին: Ասեց հանգիստ, մի հատ էդ տուր ստեղ, ասեցի՝ ի՞նչ էս ուզում, ինչն ա քեզ պետք, ասեց՝ հեռախոսդ տուր ստեղ, վերցրեց հեռախոսը ձեռքիցս»։

Աղջիկը չի դիմադրել ու տվել է թանկարժեք բջջային հեռախոսը: Անծանոթ երիտասարդը այն վերցրել է, հրել, գցել աղջկան ու հեռացել:

Դեպքից անմիջապես հետո զոհը դիմել է ոստիկանություն և որոնողական աշխատանքներ են սկսվել: Ոստիկանության աշխատակիցները հանցագործին  գտել են Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի 2-րդ շենքի մոտ ու բերման ենթարկել:

Հափշտակված բջջային հեռախոսը և հանցագործության գործիք հանդիսացող դանակը առգրավվել են: Դավիդյանը կալանավորվել է, հետաքննությունը շարունակվում է: