«Պահանջում ենք բացահայտում»,«Հրաչյա Մուրադյանը մեր հերոսն է», «Հայաստանում հերոսներին գնդակահարում են». այս գրությամբ պաստառներով եւ վանկարկումներով «Հրաչյա Մուրադյան՝ արդարության պահանջ» շարժման մասնակիցները, այսօր` հոկտեմբերի 29-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր վերահսկողության տակ վերցնի Հրաչ Մուրադյանի սպանության գործը։
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի դիմաց, սպանվել է Արցախյան պատերազմի մասնակից, Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը: Սպանության օրվանից անցել է յոթ ամիս, նախաքննությունը դեռ չի ավարտվել:
ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այս գործի բացահայտումը «յուրաքանչյուր քաղաքացու պատվի, թասիբի հարցն է, եւ գործի ձգձգումը մեջ թերահավատություն է առաջացել արդարադատության հանդեպ»:
«Սա ոչ թե Հրաչյա Հարությունյանի դեմ ուղղված գնդակ էր, այլ երկրի եւ պետականության։ Վերեւից ներքեւ մեղավոր են, նախագահի պարտավորությունն է ապահովել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, իսկ սա բնականոն գործունեությունից շատ հեռու է »- հայտարարեց պատգամավորը:
Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ «գործի օր առաջ բացահայտումը նաեւ նախագահի պատվի հարցն է»:
«Հրաչյա Մուրադյան՝ արդարության պահանջ» շարժման մասնակիցները նախագահական նստավարի դիմաց ընթերցեցին եւ կառույցի աշխատակիցներից մեկին փոխանցեցին նախագահին ուղղված նամակ:
«Թուրքը չկարողացավ նրան սպանել, բայց հայի տականքը կարողանում ա, դա է ցավը , եթե ազատամարտիկը մեր երկրում ապահովված չէ, նշանակում է՝ ոչ ոք ապահովված չէ: Չկա արդարադատություն, սա վերջն է երկրի»,- նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի նկարը ձեռքին` բողոքում էր ազատամարտիկ Հակոբ Դաշյանը:
Պռոշյան գյուղի բնակիչներից մի տատիկ էլ բարկացել էր Բաղրամյան փողոցի մայթին պատ կազմած ոստիկանների վրա. «Ո՞ւր էին իրանք, երբ մեր գյուղապետին էին սպանում»։











