Նոյեմբերի 1-ին «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնությունը դրոշներով և պաստառներով, նաև Վոլոդյա Ավետիսյանի համար նախատեսված սննդի տոպրակներով, ակցիա անցկացրեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ` հայտնելու իրենց զորակցությունը ազատամարտիկին։

«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի գոտեպնդենք իրեն, և հայտնենք մեր խոսքը, որ Վոլոդյայի գործը ճիշտ էր, նրա պահանջները ճիշտ էին, և նրա կալանավորումը ապօրինի է»,- ասաց «Խաչակիր» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Ազատամարտիկը հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է, և իրենք իշխանություններին «պահելու են լարվածության մեջ», որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն Վոլոդյա Ավետիսյանի գործին:

Ազատամարտիկների խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանի դեպքն անցնում է բոլոր սահմանները` Արցախի ազատամարտի հերոս, Քարվաճառը ազատագրած, Ազգալդյանի աջ ձեռքը համարվող, եւ իր ամբողջ գիտակցական կյանքը պետականությանը նվիրած մարդը գտնվում է բանտում:

«Վոլոդյա Ավետիսյանը գտնվում է այս պատերի հետևում միայն մի բանի համար, որ ասել է, որ ազատամարտիկը, որը ազատագրել է Հայաստանը և Արցախը, իրավունք ունի իր իսկ ազատագրած երկրում ապրել արժանապատիվ»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:

Ազատամարտիկը հույս հայտնեց, որ Վոլոդյա Ավետիսյանը կիմանա իրենց ակցիայի մասին։ «Թող իմանան, որ եթե նույնիսկ բոլորիս էլ ձերբակալեն, մեր գործը շարունակողներ միշտ կլինեն»,- ասաց ազատամարտիկը։

Ակցիայի ավարտին ազատամարտիկները տեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկի հետևի հատվածը, որտեղից երևում էին բանտախցերը և բարձրախոսով Վոլոդյա Ավետիսյանին հայտնեցին իրենց աջակցությունը: