ԱՄՆ արտագաղթող հայուհիների պատմությունները ցավոտ,  բայց սովորական դարձած իրականություն է: Որ արմատներով հայ «ամերիկուհին» կարող է ինչ–ինչ պատճառներով հայտնվել  Հայաստանում,  անհատակ սիրահարվել  հայրենիքին ու ընդմիշտ այստեղ  ապրելու որոշում կայացնել, սա արդեն ֆիլմի սցենար է։

Ֆիլմի գլխավոր դերասան Միքայել Պողոսյանի կարծիքով, սա արդիական թեմա է. «Դրսում հաճախ հանդիպում են երիտասարդներ, ովքեր գաղափար չունեն, թե որտեղ է Հայաստանը, ինչ դարդ ու ցավ ունեն հայերը, ինչ բան է հայ լինել, ծանոթ չեն Հայաստանի պատմությանը»։ Դերասանը կարծում է, որ այս թեման հաճախ պետք է բարձրացնել:

Գլխավոր դերասանուհին` Քրիստա Մարիա Դոնարգոն, Նյու Յորքից է: Ամբողջ ֆիլմում նա խոսում է անգլերեն, վերջում անցնում հայերենի։ Ֆիլմում նկարահանվելու համար դերասանուհին  կարճ ժամանակահատվածում սովորել է հայերեն խոսել եւ, ասում են,  արդեն բավական լավ է տիրապետում մեր լեզվին:

«Ամերիկուհին» աշխատանքային անվանումով ֆիլմի նկարահանումները վաղուց  սկսված են: Լիրիկական կատակերգության ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի համահեղինակները` Վիգեն Ստեփանյանն ու Միքայել Պողոսյանը, որը նաև ֆիլմի պրոդյուսերն է ու գլխավոր դերակատարը: Ֆիլմում նկարահանվում են նաեւ Լուիզա Ղամբարյանը, Լեւոն Հարությունյանը, Մայրանուշ Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանն ու դերասանների մի մեծ աստղաբույլ: 

Ֆիլմի հայաստանյան նկարահանումներն արդեն ավարտվել են, մնացած մասը նախատեսվում է անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նոր կատակերգությունը մեծ էկրան կբարձրանա գարնանը:

NEWS.am-ի նկարահանող խումբը  ֆիլմի ստեղծագործական թիմի հետ մեկ ամբողջ օր անցկացրեց Ագարակ գյուղում, որտեղ կատակերգության հայաստանյան վերջին տեսարաններն էին նկարահանվում։

Նվարդ Մանվելյան