Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ նոյեմբերի 7-ի երեկոյան հավաքվեցին Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, ապա երթով շարժվեցին դեպի Քննչական գլխավոր վարչություն, որտեղ այդ ժամանակ հարցաքննվում էին նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայի դեպքերի ժամանակ ձերբակալվածներից մի քանիսը։
Քաղաքացիական ակտիվիստները պահանջում էին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։ Աննա Դավթյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանցից առնվազն երկուսը՝ Մինասյանին Դավիթը եւ Ղազարյան Հովհաննեսը, անհիմն են ձերբակալվել, քանի բախումներին չեն մասնակցել. «Նրանք ինձ նման իմ կողքին ուղղակի կանգնած էին։ Հովհաննեսը հարցազրույց էր տալիս, երբ նրան տարան»։
Ոստիկաններն ակտիվիստներին հորդորում էին անցնել դիմացի մայթ՝ նշելով, որ Քննչական գլխավոր վարչությունը ռեժիմային օբյեկտ է։ Ակտիվիստները, սակայն, չհեռացան ու սպասեցին այնքան, մինչեւ շենքից դուրս բերեցին երեք ձերբակալվածներին ու տարան ոստիկանական մեքենայով։ Ակտիվիստներն ընկերներին ճանապարհեցին ծափահարություններով եւ «մալադեց, տղերք», «բրավո» վանկարկումներով։
Ակցիային մասնակցում էր նաեւ Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզան Բադալյանը, եւ որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը, որը նույնպես բերման էր ենթարկվել նոյեմբերի 5-ին եւ ազատ արձակվել հաջորդ օրն առավոտյան։
«Բրավո, ես ձեր ցավը տանեմ»,- բացականչեց Շահենը, երբ շենքից ձեռնաշղթաներով դուրս բերեցին ձերբակալված ակտիվիստներին, որոնց մեջ էր նաեւ հոր ընկերը՝ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 20 ձերբակալվածներից 10-ին այսօր երեկոյան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին նրանց խափանման միջոցի հարցն է լուծվում:











