Քիչ առաջ Արարատ քաղաքում ավարտվեց նոյեմբերի 9-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից առաջ ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի վերջին հանրահավաքը։ Հանրահավաքին մասնակցում էին նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արարատի պատգամավոր Արայիկ Գրիգորյանը եւ մարզպետ Արամայիս Գրիգորյանը։
Իր ելույթում Արամայիս Գրիգորյանն ասաց, որ «եկել են ու մատ են թափ տվել արարատցիների վրա»՝ չնշելով կոնկրետ անուններ։
«Մատ թափ տալուն» անդրադարձավ նաեւ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես անուններ չնշեց, եւ որպես ԱԺ նախագահ բոլոր պատգամավորների անունից ներողություն խնդրեց այն մարդկանցից , որոնց վրա մատ են թափ տվել. «Ոչ ոք իրավունք չունի արարատցու վրա մատ թափ տալ»։
Հովիկ Աբրահամյանը նաեւ նշեց, որ ոմանք երկրում կատարված բոլոր լավ բաները վերագրում են իրենց կուսակցությանը՝ վատերը՝ Հանրապետական կուսակցությանը՝ մոռանալով, որ ժամանակին իրենք միասին են կազմել կոալիցիա, հետեւաբար ամեն ինչի համար հավասարապես են պատասխանատու։
Հանրահավաքին նախորդեց համերգ, ավարտին հնչեց պարային երաժշտություն։ Հրապարակում մի կին մոտեցավ Հովիկ Աբրահամյանին ու խնդրեց պարել իր հետ, ԱԺ նախագահը չմերժեց, բարձրացրեց ձեռքերն ու սկսեց պարել։
Երկու ժամ անց փողոցի մյուս ծայրում մեկնարկեց ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանի հանրահավաքը։ Այն մեկնարկեց, երբ ժամանեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ոտքից գլուխ սպիտակ հագած։ Նա նույնպես բարձրացրեց «մատ թափ տալու խնդիրը»։
«Ովքեր ձեզ վախացնում են, ամենավախկոտն են, իրենց պաշտոնը պահելու համար են անում»,- արարատցիներին դիմեց Գագիկ Ծառուկյանը։
Նա նաեւ հերքեց լուրերը, թե «Արարատցեմենտի» աշխատակիցներին ահաբեկում են՝ ստիպելով ընտրել ԲՀԿ թեկնածուին։
Հանրահավաքին մասնակցում է նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Հիշեցնենք, որ Արարատում արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ մահացավ նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Նա գլխուղեղի ուռուցք ուներ եւ մի քանի անգամ վիրահատվել էր: Վերջին վիրահատությունը կատարվել էր օգոստոսի 8-ին, որից մեկ շաբաթ անց Բաբայանը մահացել էր: Նրա մահից հետո համայնքի ղեկավարումը ժամանակավորապես վստահվեց փոխքաղաքապետ Խաչիկ Մնացականյանին:











