Նոյեմբերի 9-ին, ժամը 12։00-ից Ազատության հրապարակում հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք, ինչպես նախապես հայտարարել էին, մտադիր են «Անհապաղ ազատ արձակել Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին» կարգախոսով երթ անցկացնել՝ Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա- Սայաթ-Նովա- Նալբանդյան փողոց-ՀՀ ոստիկանության շենք-գլխավոր դատախազություն երթուղով (ֆոտոռեպորտաժ)։
Հրապարակում են նաեւ մեծ թվով ոստիկաններ, նրանք պատ են կազմել Մաշտոցի պողոտայի ու ամբողջ երթուղու երկայնքով եւ ակտիվիստներին թույլ չեն տալիս փողոցով քայլել։ Ակտիվիստները պնդում են, որ քայլելու են փողոցով։ Երթը սկսելուց առաջ վիճաբանություն եղավ իրավապաշտպան Արթուր Սաքունցի եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջեւ։ «Անկեղծ եմ ասում, մենք ցանկություն չունենք բախումների»,- ակտիվիստներին ասաց Օսիպյանը։
Ոստիկանները խլեցին ակտիվիստների երկու ցուցապաստառները՝ նախագահ Սերժ Սարգսյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Ռուբեն Հայրապետյանի նկարներով ու վիրավորական արտահայտություններով։
Այստեղ է նաեւ ԱԺ ժառանգական պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ոը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանի եւ մյուսների ձերբակալությունը քաղաքական հետապնդում է, քանի որ իշխանությունները կարող էին կասեցնել այդ օրվա գործողությունները, բայց դա չեն արել, «որպեսզի ձերբակալեն նրանց»։ Զարուհին քայլում է 16 ամյա Ստեփանյան Արթուրի ձեռքից բռնած ու ոստիկաններին զգուշացնում է՝ մատով չդիպչել անչափահասին։
«Իմ դուխը ընկած չի, թե չէ ասյտեղ չէի լինի։ Առաջին անգամ այսօր զգացի, որ մարդիկ կարող են համախմվել ու պայքարել»,- լրագրողներին ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
Երթի մասնակիցների մի մասն այժմ քայլում է փողոցով, մյուսները՝ մայթով։ Ոստիկաններն անընդհատ փորձում են դուրս բերել նրանց փողոցից։ «Ես ձեր քայլերի մեջ միտում են տեսնում, տեսնում եմ որ դուք ձգտում եք բախումների»,- ակտիվիստների ասաց Օսիպյանը։
«Մի օլիգարխի համար ամբողջ քաղաքը փակում եք, մենք իրավունք չունե՞նք մի փողոց փակել»,- բարկացան ակտիվիստները։
«Այ քեզ խայտառակություն, ՀՀ ոստիկանություն, մսագործ ոստիկան» վանկարկելով ակտիվիստներն այժմ ընթանում են ծրագրված երթուղով։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











