«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության մասնակիցներն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կրկին ազգային պարեր պարեցին «Փակ շուկայի» մոտ, այնուհետև՝ Ազատության հրապարակում (ֆոտոռեպորտաժ):

Ակտիվիստները հայտարարեցին, որ պարելով հուշարձանի մոտ՝ ուզում են նոր շունչ տալ հայկական մշակույթին: Մինչեւ երթն սկսելը Մաշտոցի պուրակում ակտիվիստ Արման Ադամյանը, որի հայրը երկու անգամ եկել էր Մաշտոցի պուրակ՝ որդուն տուն տանելու, հայտարարեց, որ մի քանի օր է, ինչ իր ընտանիքին ճնշում են:

«Շատ անգամ խոսացել եմ ծնողներիս, հարազատներիս հետ, նույնիսկ համաձայության ենք եկել: Էլի չի օգնում, որովհետև մեր զրույցներից հետո իրենց ականջին Ալեքսանյանի կողմնակիցներն են նստում: Ընտանիքս եթե ընդունի, հասկանա ինձ, պետք է միանա: Մի կողմից էլ վախենում են, որ Ալեքսանյանի կողմից վտանգ ա սպառնում», - ասաց Արմանը:

Լևոն Ստեփանյանը պատմեց, որ խնդիրներ չունի իր պապիկի հետ, մայրն էլ վատառողջ չէ: «Ես ամեն օր տուն եմ գնում, խնդիրներ չունեմ տանը: Իսկ մայրս առողջական լուրջ խնդիրներ չունի»,- ասաց Լևոնը, որի պապն ու քեռին երկու անգամ եկել են Մաշտոցի պուրակ և նրան ակցիայից ետ պահելու փորձեր են արել՝ ասելով, որ մայրը վատառողջ է, տղան էլ տուն չի գնում։

Ի տարբերություն նախորդ շաբաթվա, այս անգամ Սամվել Ալեքսանյանի պաշտպանները չպարեցին, նրանք ընդհանրապես չէին եկել «Փակ շուկա»։