Արարատի համայնքային ընտրություններում ժամը 11-ի դրությամբ գրանցված 13 հազար 218 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2671 ընտրող: Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակում NEWS.am-ին հայտնեցին, որ մի քանի ընտրողներ դիմել են իրենց ցուցակներում տեղ գտած անճշտությունների կապակցությամբ: ԲՀԿ վստահված անձանց հետ նրանք գնացել են ընտրատեղամասեր եւ ցույց տվել այն անձանց անունները, որոնք իբրեւ թե գրանցված տվյալ հասցեներում՝ նշելով, որ նման մարդիկ այդ հասցեներում գրանցված չեն: Ընտրատեղամասային հանձնաժողովի իրենց ներկայացուցիչներին ԲՀԿ վստահված անձիք զգուշացրել են, որ այդ մարդկանց թույլ չտան քվեարկել: (ֆոտոռեպորտաժ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասաց, որ ընտրատեղամասերից մեկում ընտրողը ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկելուց հետո լուսանկարել է իր քվեաթերթիկը : «Բնականաբար, չէր տանելու, ռամկայի մեջ դներ, ցույց էր տալու, որ վարձահատույց լինեն»,- ասաց Զոհրաբյանը: Քվեաթերթիկը լուսանկարած անձը ոստիկանությունում է:

Արարատցի բնակիչները մեր թղթակցին պատմեցին, որ ԲՀԿ թեկնածուի օգտին քվեարկողներին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանում խոստացել են բարձրացնել աշխատավարձերը, իսկ մի ուսանող աղջիկ էլ ասաց, որ նույն պայմանով բոլոր ուսանողներին գումարային օգնություն են առաջարկել:

ՀՀԿ գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ Նաիրա Զոհրաբյանը եւ այլ ԲՀԿ պատգամավորներ առանց անձը հաստատող փաստաթղթի ներկայացել են որպես վստահված անձիք:

Նշենք, որ Արարատ քաղաքում առաջադրվել են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ով աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը: