Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բակում բազմահարկի շինարարությունը այս պահին շարունակվում է: Բնակիչներին չհաջողվեց թույլ չտալ «Լարկո գրուպի» աշխատողներին քանդել կաթսայատունը, որի տեղում կառուցվելու է բազմահարկը։

Այսօրվանից բնակիչների շահերը փաստաբան Ալբերտ Կանդալյանն է պաշտպանում: Նա հայտնեց, որ ամենայն հավանականությամբ կդիմի դատարան՝ քաղաքապետարանի որոշումը անվավեր ճանաչելու և հավելյալ փորձաքննություն նշանակելու համար:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից մեծ թվով ոստիկանների եւ սեփականատիրոջ մարդկանց ուղեկցությամբ սկսվեց շինարարությունը։ Բնակիչները պառկել էին կաթսայատան դիմաց՝ թույլ չտալով աշխատողներին ձողեր ամրացնել։ Ոստիկանները հրելով, քաշքշելով կանանց հեռացրին տարածքից եւ պատ կազմեցին շինարարների ու բնակիչների միջեւ։

Շինհրապարակում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, որը սատարում էր բնակիչներին։

Քաղաքապետարանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը բնակիչներին տեղեկացրեց, որ լրացուցիչ փորձաքննության արդյունքներով՝ կառուցվելիք շենքը համապատասխանում է բոլոր շինարարական նորմերին։ Հիշեցնենք, որ Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բնակիչները՝ մոտ 400 մարդ, ստորագրել են քաղաքապետարան ուղարկված դիմումի տակ, որում պահանջում են դադարեցնել «ապօրինի» շինարարությունը, որը կառուցվելու դեպքում փակելու է իրենց բնակարանների լույսը, դեպի իրենց շենքեր տանող հրշեջ մեքենաների ճանապարհը, զրկելու է իրենց երեխաներին բակային տարածքից եւ թուլացնելու է իրենց  շենքերի սեյսմակայունությունը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am