Թամանյանի արձանի հարեւանությամբ մի խումբ ակտիվիստներ երեկվանից ստորագրավաք են սկսել՝ դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը վերացնելու պահանջով։ Նրանք պահանջում են վերացնել կալանքի «ապօրինի» որոշումը մինչեւ դերասանի լիարժեք ապաքինումը, քանի որ «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ հիմք փաստացի չի ապացուցվել»։
Երկու օրվա ստորագրահավաքի ընթացքում ավելի քան 1000 ստորագրություն է հավաքվել։ Թամանյանի արձանի մոտ են եկել Վարդան Պետրոսյանի կոլեգաներ, արվեստի գործիչներ, պաշտոնյաներ, որոնք կազմակերպիչներին խնդրել են չնկարահանել իրենց անունները։
Այսօր ստորագրահավաքին միացան նաեւ քաղաքացիական ակտիվիստները, Նախախորհրդարանի անդամները։
«Մենք աջակցում ենք Վարդան Պետրոսյանին» նախաձեռնության ստորագրահավաքի կազմակերպիչներից Մարինա Տեր-Անանյանը հիշեցրեց վրդովմունքի ալիքը, որը բարձրացրել էր ամիսներ առաջ Մոսկվայում բեռնատար մեքենայի հայ վարորդի՝ Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածը. «Շատ վրդովված էր հայ ազգը, խոսում էր այն մասին, որ ռուսները շովինիստ են, խալաթով մարդուն միանգամից տարել են դատական նիստի: Ինձ ինչը զայրացրեց, որ մեր երկրի ներսում մենք մեր արվեստագետին, կարելի է ասել, գրեթե ոչնչով չենք տարբերվում, նույն ձև ենք վերաբերվել: Մարդուն շտապօգնության մեքենայով տանում են դատարան, հետո նույն սայլակով մեկուսարան»:
«Ցանկանում ենք, որ նորից Վարդան Պետրոսյանին բեմում տեսնենք և գնահատենք իր արվեստն ու մարդկային արժեքները»,- ասաց սփյուռքահայ Ալենուշ Տեր-Ասատրյանը։
Դերասանուհի Արշալույս Ավետիսյանն էլ նշեց, որ Վարդան Պետրոսյանին բոլորն են ճանաչում եւ նա փախչողներից չէ։
«էն կողմն էլ ա սարսափելի բան տեղի ունեցել, բայց էն, ինչ-որ Վարդանի գլխի են հիմա անում, դա ուղղակի անհեթեթություն ա»,- ասաց նա։
Ստորագրահավաք անցկացվում է նաեւ Հայաստանի մարզերում, ստորագրահավաքին միացել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բելգիայում, Դանիայում, Լոս Անջելեսում բնակվող բազմաթիվ հայեր։
















