Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը, որն այսօր՝ նոյեմբերի 11-ին, Թամանյանի արձանի մոտ էր եկել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու պահանջագրի տակ ստորագրելու, NEWS.am-ի հետ զրուցում ասաց, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որոշակի վրեժխնդրության նշաններ է տեսնում։
«Էն դաժանությունը, որը խոշտանգման աստիճանի է հասնում հոգեբանական և ֆիզիկական իմաստով, խոսում է էն մասին, որ մարդու հետ փորձում են հաշվեհարդար տեսնել: Ես կասեի, իր ընդդիմադիր մոտեցումների, իր կիրթ մոտեցումների, իր տեսակի տարբերության, մեր հասարակության մեջ գնալով աճող հեղինակության դեմ են այս բոլորը փորձում օգտագործել՝ ցույց տալու համար, որ եթե հասարակության մեջ նման հեղինակություն ունեցող մարդուն կարելի է նման հաշվեհարդարի ենթարկել, ապա սովորական քաղաքացին ուրեմն ինչ անիրավ իրավիճակում է գտնվում: Սրա մասին ա վկայում այս ամեն ինչը: Ամբողջ հասարակությանը կարծես թե իրենց կարճ խելքով դաս են ուզում տալ, որ գիտե՞ք ինչ, եթե այս մարդու նկատմամբ կարող ենք այսպես վարվել, ապա բոլորիդ նկատմամբ կարող ենք»,- ասաց Չուգասզյանը:
Հիշեցնենք, որ Կոտայքի առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 9-ին դերասանին կալանավորելու որոշում կայացրեց, Վարդան Պետրոսյանը դատարանից դուրս բերվեց պատգարակով եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Դատապարտյալների հիվանդանոց։











