Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցն այսօր` նոյեմբերի 11-ին, այցելել է Դատապարտյալների հիվանդանոց` ստուգելու դերասան Վարդան Պետրոսյանի պահման պայմանները:

«Ուզում էինք ստուգել պահման պայմանները, որքանով է ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն և ինչ առողջական վիճակում է գտնվում նա», - ասաց Երանուհի Թումանյանցը: Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի խոսքով՝ բժիշկները Վարդան Պետրոսյանի վիճակը գնահատել են կայուն միջին ծանրության:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն ասաց, որ Վարդան Պետրոսյանը գոհ է հիվանդանոցում իրեն սպասարկող անձնակազմից և շատ շոյված իր հանդեպ նման լավ վերաբերմունքից:

«Վարդան Պետրոսյանը պառկած էր խոսում, բայց նրա վիճակը շատ ավելի լավ էր, քան երկու երեք օր առաջ»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Երանուհի Թումանյանցը:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականին Վարդան Պետրոսյանը պատմել է, որ դատարանում իրեն ժամեր շարունակ առանց սննդի են թողել. «Վարդան Պետրոսյանի վիճակը դատարանում վատացել է, դատարանում 5 ժամ բժիշկների հսկողության տակ է եղել»:

Երանուհի Թումանյանցը ասաց, որ Մարդու իրավունքների գրասենյակը իրավունք չունի գնահատելու դատարանում Վարդան Պետրոսյանի հանդեպ նման վերաբերմունքը, քանի որ դա համարվում է ազդեցություն դատարանի գործունեության վրա: «Դատարանում այս առթիվ պետք է միջնորդություն ներկայացներ փաստաբանը, որպեսզի ընդմիջում անեին և Վարդան Պետրոսյանին ապահովեին սննդով»,- ասաց նա։

Վարդան Պետրոսյանի փաստաբանը` Նիկոլայ Բաղդասարյանը, այսօր բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն բողոքի բովանդակությունը Երանուհի Թումանյանցն իրավունք չուներ հրապարակելու առանց փաստաբանի գրավոր համաձայնության:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն ասաց, որ Վարդան Պետրոսյանի սենյակը լավ վիճակում էր, ձեռնաշղթաներ չկային դերասանի ձեռքերին, ազատ կարողանում էր տեղաշարժվել:

«Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայի քաղաքացի է և օրենսդրությամբ Ֆրանսիայի դեսպանատունը պետք է իր վերահսկողության տակ պահի այս ամբողջ գործընթացը»,- ասաց Երանուհի Թումանյանցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: