«Ես շատ հպարտ եմ, որ իմ տղայի հայրը Վարդան Պետրոսյանն է»,- NEWS.am-ին ասաց դերասան Վարդան Պետրոսյանի նախկին կինը՝ Մարինա Շահպարոնյանը, որը նոյեմբերի 11-ին եկել էր Թամանյանի արձանի մոտ՝ մասնակցելու դերասանի խափանման միջոց կալանքը վերացնելու պահանջով ստորագրահավաքին։
Նրա խոսքով՝ Վարդան Պետրոսյանը շուրջ 20 տարի մեքենա է վարում ու միշտ շատ զգույշ վարորդ է եղել. «Անգամ մոտ ընկերներն էին ասում՝ Վարդան, գոնե մի քիչ արագ քշի, բայց ահավոր զգույշ էր»:
Տիկին Մարինայի խոսքով՝ Վարդանը, որին, ինքը ճանաչում է 30 տարի, շատ շատերից տարբերվում է նրանով, որ ունի խիղճ։
«Շատ լավ մարդ է, շատ լավ ընկեր մինչև հիմա: Այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր քաղաքում, ապացուցում է, որ երևի քաղաքում ազնվական մարդիկ պետք չեն, արվեստագետներ, որոնք շատ-շատ բան են զոհաբերում, իրենց արվեստով ապացուցում են ժողովրդին, որ իրենք սրտանց, հոգով ժողովրդի հետ են, ոչ թե կեղծ, ոնց որ շատ շատերը»,- ասաց նա:











