Նախագահականի դիմաց հացադուլ հայտարարած եւ բերանը կարած՝ Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին նոյեմբերի 12-ին բռնի ուժով Էջմիածնի հիվանդանոց տանելուց հետո տեղափոխել են հոգեբուժարան, հետո թույլ տվել, որ վերադառնա Երևան: Խուդոյանի բերանը կարված է, նա բժիշկներին թույլ չի տվել կարերը քանդել։

Խուդոյանի կինն ու 4 երեխաներն այժմ նույնպես Բաղրամյան 26-ում են: Ինչպես NEWS.am-ի թղթակցին պատմեց Աշոտ Խուդոյանը, իրեն իր կամքին հակառակ պահել են հոգեբուժարանում։ Նախագահականի առջեւ նստած նրա կնոջն ու չորս երեխաներին այսօր այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Մեր արագ արձագանքման խումբը կայցելի նաեւ ամուսնուն, կփորձենք ինչ-որ բան անել»,- ասաց գրասենյակի աշխատակից Աննա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ դատական անարդարությունների դեմ պայքարող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը նոյեմբերի 6-ից հինգերորդ անգամ նստացույց է հայտարարել նախագահականի մոտ՝ այս անգամ իր հետ բերելով իր 4-ամյա դստերը: Նա նամակներ է ուղարկել նախագահին և գլխավոր դատախազին, նրանց հետ տեսակցություն խնդրել: Քաղաքացին պահանջում է, որ բացահայտեն այն «հանցագործներին», որոնք, իր խոսքով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից գողացել են իր պապու կտակն ու կեղծել այն: Հիշեցնենք նաև, որ Աշոտ Խուդոյանը երեկ կարել էր բերանը, իսկ առավոտյան շտապօգնության մեքենայով նրան ոստիկանները բռնի ուժով տարել են Էջմիածնի հիվանդանոց, որտեղ ցանկացել են նրա կամքին հակառակ քանդել կարերը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am