Դատապարտյալների հիվանդանոցի բակում «Վարդան, Վարդան» վանկարկումներով այսօր՝ նոյեմբերի 12-ին, նախնական կալանքի տակ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին սատարելու էին եկել մի խումբ աջակիցներ։ Ի պաշտպանությունը Վարդան Պետրոսյանի նախաձեռնությունն սկսվել էր Կառավարության շենքի մոտ, որտեղից մասնակիցները խաղաղ երթով շարժվել էին դեպի Դատապարտյալների հիվանդանոց։ Նախաձեռնությանն էին միացել նաեւ Նախախորհրդարանի անդամները։
Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց, որ հասարակական ճնշումը պետք է շարունակական բնույթ կրի: Ըստ նրա, միայն այս պարագայում հնարավոր կլինի փոփոխություններ մտցնել «արդեն իսկ օրինախախտումներով սկսած գործընթացում»: Նա համարում է, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը ապօրինի որոշում էր, քանի որ նա առողջական խնդիրներ ունի եւ չի պատրաստվում լքել երկիրը:
Նախաձեռնության կազմակերպիչներից Մարիամ Համբարյանը հայտնեց, որ Վարդան Պետրոսյանն արժանի է մեծագույն հարգանքի, իսկ ակցիան նրան աջակցելու, հանրությանը տեղեկացնելու նպատակ ունի, որ առողջական խնդիրներ ունեցող դերասանի հետ նման կերպ վարվել չի կարելի: Նրա առաջարկությամբ Դատապարտյալների հիվանդանոցի բակում հավաքական նամակ գրվեց, որը տեղում հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները հանձնեցին այնտեղ գտնվող դերասանին:
«Սիրելի Վարդան Պետրոսյան ջան, միշտ հիշեք, որ մենք բոլորս, ամբողջ հայ ազգը Ձեզ հետ ենք եւ անհանգստանում ենք Ձեզ համար։ Խնդրում ենք, շուտ ապաքինվեք եւ իմացեք, որ արդարությունը դեռ կվերականգնվի եւ ամեն ինչ լավ կլինի։ Ձեզ շատ սիրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»։
Դատապարտյալների հիվանդանոցի բակից խաղաղ երթը շարունակվեց դեպի ՀՀ Գլխավոր դատախազության շենք:











