Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունն, այսօր՝ նոյեմբերի 13-ին, մերժել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի` գնդապետ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խնդրանքով դիմումը:

Հիշեցնենք, որ Երեւանում, սեպտեմբերի 21-ին Անկախության երթի ժամանակ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի` քաղաքացիների հասցեին քմծիծաղ չտալու եւ իր հետ «Դուք»-ով խոսելու պահանջներին ի պատասխան Ոստիկանության գնդապետ` ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանը պատասխանել էր «Չես կարա պահանջես… Հեսա կդաստիրակեմ, կիմանաս»:

Ու թեեւ ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը հստակ սահմանում է, որ «ծառայողը պարտավոր է անձին դիմելիս պատիվ առնելով ներկայանալ՝ հայտնելով պաշտոնը, կոչումը…», ոստիկանության ղեկավարությունում գտնում են, որ պարեկապահակակետային ծառայության գնդի հրամանատար Ավետիսյանը օրենք չի խախտել: Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ոստիկանության այս որոշումը անպայման կբողոքարկի:

Բացի այդ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օրերս վարույթ է ընդունել Դ. Իոաննիսյանի հայցադիմումը ընդդեմ Խ. Ավետիսյանի, որով պահանջվում է քաղաքացուն վիրավորելու համար վճարել փոխհատուցում: Նիստը նշանակված է հունվարի 29-ին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու դատարանը պետք է պատասխանեն հարցին, թե արդյոք քաղաքացու հետ հարկավոր է ուղիղ եւ փոխաբերական իմաստներով «Դուք»-ով խոսել եւ արդյոք քաղաքացին հնարավորություն ունի իր այդ իրավունքը պաշտանելու, թե՝ ոչ: