ԵԽԽՎ լիագումար նիստում նախագահ Սերժ Սարգսյանին հարց ուղղելու գործում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ըստ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի, ուղղորդել էին հանրապետականները, որ ցույց տային ժողովրդավարություն։ «Տեսեք, Ալիեւը բռնակալ է, մենք՝ ժողովրդավար։ Ինքը ավտորիտար համակարգի ղեկավար ա, իրան պակասում է ժողովրդավարություն, ինչ պակասում է, դա էլ ուզում է ունենալ»,- նոյեմբերի 13-ին լրագրողներին ասաց Տիգրան Կարապետյանը։

Տիգրան Կարապետյանը չի բացառում, որ ինքն էլ նույն հարցը կտար ԵԽԽՎ-ում, այնուամենյանիվ, Զարուհի Փոստանջյանի հարցը շինծու է համարում։ Կարապետյանն այս եզրահանգմանն է եկել այն պատճառով, որ հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր հարցի իրավունքը զիջել էր Զարուհի Փոստանջյանին։ Տիգրան Կարապետյանը կասկած չունի, որ դա անելուց առաջ հանրապատեկան պատգամավորը թույլտվություն էր վերցրել պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից։

«Շատ լավ, ենթադրենք հիմար էին, թույլ տվեցին այդպիսի հարց: Զարուհի Փոստանջյանն ի՞նչ ա ասում, որ Սերժ Սարգսյանը պարտվել ա պետական գումար: Փաստորեն, ոչ թե սեփական, այլ պետական: Դա հանցագործություն է»,- ասաց Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ պատվիրակության վերադարձից հետո գլխավոր դատախազը պետք է հարցը բարձրացներ խորհրդարանում ու պահանջեր փաստեր ներկայացնել. «Եթե չկան փաստեր, ուրեմն կամ անձեռնմխելիությունից պետք է զրկեր կամ գժանոց տաներ՝ երկուսից մեկը»։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում հոկտեմբերի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նրան հետեւյալ հարցն էր ուղղել. «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետեւանքով: Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո, եւ ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես ազարտային խաղեր չեմ խաղում եւ չեմ եղել եվրոպական կազինոներում: Ես հնարավորություն չունեմ տնօրինել 70 մլն եվրո: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից եւ այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am