Նոյեմբերի13-ին, ՀՀ վարչական դատարանը քննեց «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին» ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Armenia Today լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի` 2013թ. օգոստոսի 1-ին քաղաքապետարանի դիմացի կանաչ տարածքում վրան չտեղադրելու ոստիկանության պահանջը չկատարելու համար:
Դատարանում հայցվոր կողմի` ոստիկանության շահերն էին ներկայացնում Սոնա Մելիքյանը և Դիանա Վարդանյանը, իսկ պատասխանող կողմի շահերը` փաստաբաններ Դիանա Գրիգորյանը, Արամազդ Կիվիրյանը և Լուսինե Սահակյանը:
«Քանի որ ամռան տապին անհնար էր դիմանալ, մենք որոշեցինք տեղադրել վրան՝ ի օժանդակություն նստացույց անողների: Այդ օրը մեր վրան տեղադրելու գործողությունը խափանվեց ոստիկանության աշխատակիցների կողմից, կիրառվեց ուժ, և ինձ բռնի կերպով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին` պատճառելով մարմնական վնասվածքներ»,- դատարն մտնելուց առաջ լրագրողներին ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Կիվիրյանի խոսքով, ոստիկանության գործողությունները ապօրինի են եղել, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ վրան տեղադրելու արգելք չի սահմանվում։ «Այս կապակցությամբ եղել է նաև արձագանք Օմբուդսմենի կողմից, որը նշել է, որ վրան տեղադրելու գործողությունն ինքնին օրինական է, իսկ ոստիկանների գործողությունները՝ ապօրինի»,- ասաց վերլուծաբանը:
Կիվիրյանն ասաց, որ այս ամենը ոչ մի ձև չկաշկանդեց ոստիկանությանը, որ հարուցեն վարույթ` իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
«Եթե հաշվի առնենք, որ այսօր իմ հանդեպ հարուցված է մեկ քրեական գործ և սրանից բացի ևս երեք վարչական գործեր, դա նշանակում է որ իմ նկատամամբ իրականացվում է ճնշում: Սա քաղաքական հետապնդում է իմ հանդեպ»,- ասաց նա:
Արգիշտի Կիվիրյանի փաստաբանները հակասություն տեսան հայցվոր կողմի շահերը ներկայացնող Սոնա Մելիքյանի եւ Դիանա Վարդանյանի փաստարկներում։
Առաջինն ասում էր, որ ոստիկանը մոտեցել է և խնդրել արդեն տեղադրված վրանը այլ վայր տեղափոխել, քանի որ այդ վայրում չի թույլատվում վրան ամրացնել, մյուսն ասում էր, որ ոստիկանը Կիվիրյանին ընդհանրապես թույլ չի տվել վրանը քաղաքապետարանի մոտ տեղադրել:
Ոստիկանության ներկայացուցիչները նաև ասացին, որ վրանը հիմա ոստիկանությունում է, 5 րոպե հետո հերքեցինայդ ինֆորմացիան, հետո նորից հաստատեցին:
«Վրաններն ինձ մոտ են, ես ստացականով դեպքերից հետո գնացել եմ, վերցրել եմ վրանները»,- NEWS.am-ին ասաց դատարանի դահլիճում նստած ակտիվիստ Անի Կաղինյանը:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանն ասաց, որ ըստ «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման մասին » Երևան քաղաքի ավագանու որոշման, վրան տեղադրելը ներառվում է «տարբեր բեռների և շինությունների պահեստավորում» կետի մեջ և օրենքով արգելվում է:
«Ոստիկանությունը մինչ այժմ կողմնորոշված չէ, թե իրականում ինչ պահանջ է ներկայացրել Արգիշտի Կիվիրյանին, ինչ գործողություն է նա կատարել և ինչ հիմքով իրավունք ունեին նրան արգելելու կամ չարգելելու վրան տեղադրել»,- ասաց Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Փաստաբանի խոսքով՝ հայցվոր կողմը գոնե պետք է կողմնորոշվեր և մեկ միասնական իրավական հիմք ներկայացներ գործի առնչությամբ:Պաշտպանական կողմը միջնորդություն ներկաայցրեց՝ գործից հեռացնել հայցվոր կողմի ներկայացուցիչներին՝ պատճառաբանելով, որ նրանք գործին տեղ յակ չեն։ Դատարանը միջնորդությունը մերժեց։
«Հայաստանում ոստիկանության մոտ գերգրգռված վիճակ է առաջանում, երբ իրենք տեսնում են վրան, և այդ պարագայում նրանք հարձակվեցին ինձ վրա: Փաստ է, որ Հայաստանի ոստիկանությունը ունի վախ, ալերգիա վրանի նկատմամբ»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Կիվիրյանի խոսքով, ոստիկանության ներկայացուցիչներ դատարանում «դասական աճպարարությամբ են զբաղված»՝ մշտապես փոխելով իրենց խոսքը, չկարողանալով ներկայացնել որևէ հստակ պահանջ:
«Ի դեմս ոստիկանների ունենք ոչ թե իրավապահներ, այլ դասական աճպարարներ»,-ասաց նա:
Դատարանը որոշեց այս վարչական գործով հաջորդ դատական նիստը հրավիրել 2014թ. հունվարի 17-ին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











