Նոյեմբերի 13-ին NEWS.am-ը ահազանգ ստացավ տաքսու վարորդից, որին Նալբանդյան փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» աշխատակիցները թույլ չէին տվել կայանել բանկի առջև կարմիր գծանշաններով առանձնացված վճարովի ավտոկայանատեղիում:
Քաղաքացին զանգահարել էր «Փարքինգ սիթի» ընկերություն, որտեղից նրան պատասխանել էին, որ նման բան հնարավոր չէ: «Մի ամսվա համար վճարել եմ, կարմիր գծանշանները կան, այսինքն՝ ես ստեղ կարամ կանգնեմ: Եկել ասում են՝ սա «Հայբիզնեսբանկի» տարածքն ա, ստեղ չես կարա կանգնես: Չես չեմ հասկանում, մուծածս գումարը ու՞ր գնաց: Երկու օր առաջ էլ նույն բանը կրկնվել ա, 5 հազար ակտ եմ մուծել: Ես տանեմ ամեն ամիս 10, 20, 30 հազար ակտի փող մուծեմ, մինչև իրանք պարզաբանե՞ն»,-ասաց տաքսի ծառայության վարորդը NEWS.am-ի թղթակցին:
«Հայբիզնեսբանկում» NEWS.am-ի թղթակցին ասացին, որ ավտոկայանտեղիի համար իրենք էլ են վճարում. «Այդ պահին պետք է մեքենա գար, մենք իրեն խնդրեցինք, որ կարճ ժամանակով կանգնի: Ինքը մեզ սխալ է հասկացել»:











