Նոյեմբերի 13-ին, ժամը 16:00-ին, Armenia Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը Հատուկ քննչական ծառայություն էր եկել հարցաքննության: 2013թ. օգոստոսի 24-ին Արգիշտի ԿիվիրյանինԿոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու,  եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով:

Արգիշտի Կիվիրյանը պատմեց, որ նախորդ անգամ ինքը  հրաժարվել էր ցուցմունք տալ, քանի որ մեղադրանք առաջադրելուց հետո հասկացել էր, որ նախաքննական մարմնի նպատակը իրականությունը բացահայտելը չէ:

«Ակնհայտ է, որ նախաքննական մարմինը ոչ թե շահագրգռված է իրականությունը պարզելով եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելով, այլ զբաղված է քաղաքական հաշվեհարդարով, քաղաքական պատվեր իրականացնելով իմ անձի նկատմամբ»,- պատմեց Արգիշտի Կիվիրյանը:

Արգիշտի Կիվիրյանի խոսքով ՀՀ իշխանություններն իրեն մեկուսացնելու նպատակ ունեն եւ դա կարող են անել երկու եղանակով:

«Երկու ճանապարհ կա, մեկը՝ իմ նկատմամբ փորձել որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, երկրորդը, եթե, օրինակ, պատահաբար փողոցում քայլելուց իմ վրա ընկնի ինչ-որ ծառ, կամ պատահաբար ես հարձակման ենթարկվեն ինչ-որ թմրամոլի, հարբեցողի կողմից, կամ պատահաբար ներքաշվեմ ինչ-որ կռվի մեջ, ապա իմացեք՝ դա ոչ մի պատահականություն չի, դա հստակ կազմակերպված գործողություն կլինի, որի համար ողջ պատասխանատվությունը կկրի ՀՀ ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը եւ իր կամակատարներ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը եւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։

Հարցաքննությունը տեւեց չորս ժամ։ Կիվիրյանն ու իր փաստաբանը դուրս եկան, հայտարարեցին, որ նախաքննությունն ավարտված է, ինչը կասկած է առաջացնում, քանի որ նման «շտապողականությամբ քրեական գործի ավարտ չի եղել վերջին տասը տարվա մեջ»։

 «Միանշանակ է, որ իշխանությունները ցանկանում են մեկ վայրկյան առաջ այդ գործն ուղարկել դատարան, որպեսզի փորձեն կայացնել իմ դեմ մեղադրական դատավճիռ»,- ասաց Կիվիրյանը։

Կիվիրյանի պատմելով՝ նոյեմբերի 13-ի հարցաքննությանը բերել են այն երեք ոստիկաններին, «ովքեր մասնակցել են իր դեմ բռնությանը», Կիվիրյանը հրաժարվել է մասնակցել առերեսմանը, քանի որ կարծում է, որ լիարժեք չեն ապահովվում իր իրավունքները։  

«Անիմաստ է մասնակցել այս կլոունադային, որը կոչվում է նախաքննություն»,- ասաց վերլուծաբանը։

Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը զարմանալի է համարում այն, որ նախաքննության սկզբնական փուլում, առնվազն երկու ամիս գրեթե քննություն չէր կատարվում, նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Արգիշտի Կիվիրյանն ակտիվորեն պաշտպանեց Շանթ Հարությունյանին եւ նրա համախոհներին, անհապաղ սկսվեցին քննչական գործողություններ կատարել. «Կարող եմ ասել, որ մեղադրական դատական ակտ է կայացվելու ակնհայտ ապօրինի եւ Կիվիրյանը մեղադրվելու է այն հոդվածներով, որոնցով իրեն մեղադրանք է առաջադրվել»։

Արգիշտի Կիվիրյանի գործը քննելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը։