Նոյեմբերի 14-ին «Աջակցում ենք Վարդան Պետրոսյանին» ֆեսյբուքյան նախաձեռնությունը Երևանի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպել էր հոգեհանգստի արարողություն Եղվարդ-Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի բախման հետևանքով զոհված Էդգար և Էդուարդ Հակոբյանների համար:
Նախաձեռնության անդամները առավոտյան 10-ին մասնակցեցին 16-ամյա եղբայրների հիշատակին մատուցված պատարագին, մոմեր վառեցին ու աղոթեցին նրանց հոգու հանգստության համար։ Եկեղեցի եկան Էդգար Հակոբյանի ծնողներն ու տատիկը: Քաղաքացիներից մի քանիսը մոտեցան ու ցավակցեցին նրանց։
NEWS.am-ի հետ զրուցում Էդգարի տատիկն ասաց, որ իրենց համար հիմա կարեւոր չէ՝ մարդիկ ինչ են խոսում, ում են մեղադրում կատարված ողբերգության համար, իրենք իրենց կորուստն են սգում. «Մենք երեխա ենք կորցրել, մեզ ոչինչ հետաքրքիր չէ»,- ասաց նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դերասանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:











