ԱՄՆ-ում ոստիկանությունը պարզել է, թե ալիգատորն ինչպես էր հայտնվել Չիկագոյի Օ`Հարա օդանավակայանի էսկալատորի տակ: Պարզվում է, նրան այնտեղ թողել էր մի կին, որի ինքնությունը ճշտվում է:
Հսկող տեսախցիկների արձանագրած կադրերը հրապարակել է Chicago Transit Authority ընկերությունը՝ Չիկագոյի հանրային տրանսպորտի օպերատորը:
Դրանցում երեւում է, որ գնացքի վագոնում մի տիկին է նստած՝ ալիգատորը ծնկներին, հեռախոսով խոսելիս: Նրա հետ նույն վագոնում եղած Մարկ Սթրոթմանի խոսքով՝ կինը պատրաստակամությամբ բոլոր ցանկացողներին թույլ է տվել նկարվել երկկենցաղի հետ: Սթրոթմանը եւս օգտվել է այդ հնարավորությունից, հայտնում է lenta.ru-ն:
Կնոջ ուղեւորությունը մեկ ժամ է տեւել: Տեսախցիկների օբյեկտիվում նա նորից է հայտնվել՝ արդեն Օ`Հարա օդանավակայանի մոտակայքում, բայց արդեն առանց ալիգատորի:
Հիշեցնենք, Օ`Հարա օդանավակայանում ալիգատորին նկատել էին նոյեմբերի 1-ին: Մոտ 30 ամ երկարությամբ սողունին էսկալատորի տակ հայտնաբերել էր օդանավակայանի սպասարկող անձնակազմի ներկայացուցիչը եւ ոստիկանություն էր դիմել: Կենդանուն բռնել էին աղբարկղի օգնությամբ եւ ուղարկել Չիկագոյի հերպետոլոգիական ընկերակցությանը:











