«Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղի կառավարչի հետ հանդիպելուց հետո Դավիթաշենի երկրորդ թաղամասում եւ Վ. Փափազյան փողոցներում «Տոնուսի» կառուցած շենքերի բնակարանատերերը դուրս եկան բանկից, որտեղ ներխուժել էին նոյեմբերի 14-ի կեսօրին, եւ հայտարարեցին, որ շաբաթ ժամը 11-ին հանդիպելու են բանկի ներկայացուցիչների հետ ու քննարկելու են իրենց խնդիրը։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ խաբված բնակարանատերերը կառավարության առջեւ բողոքի ցույց անելուց հետո, գնացել էին «Արցախբանկ», ներս մտել ու հրաժարվում էին դուրս գալ՝ պահանջելով տալ իրենց բնակարանների սեփականության վկայականները։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Տոնոյանը, բնակիչների խոսքով, հիմա Վրաստանում է, որտեղ բիզնես ով է զբաղվում։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











