Ուսանողի միջազգային օրվան ընդառաջ այսօր՝ նոյեմբերի 14-ին, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի երթով ՀՊՃՀ-ից շարժվեց Կառավարության շենք և վատագույն կառավարության գավաթ հանձնեց գործադիրին՝ պահանջելով կառավարության հրաժարականը (ֆոտոռեպորտաժ)։
Երթի նպատակը ոչ միայն ուսանողների, այլև երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների բարձրաձայնումն էր: Նրանք «stop», «ո՛չ բարձր ուսման վարձերին», «ո՛չ ցածր կրթաթոշակներին», «ո՛չ արտագաղթին» ցուցանապաստառներով և «ուսանող միացիր» կոչերով անցան բոլոր համալսարանների մոտով։
«Այսօր տարբեր քաղաքական ուժեր ու կառույցներ, ինչպես նաև ուսանողական ընկերութուններ կազմակերպում են տարբեր տոնակատարություններ, բայց մենք կողմ չենք դրան: Մենք, որպես ուսանողներ, այսօր ունենք մի շարք խնդիրներ, որոնք մենք բարձրաձայնում ենք և անվստահություն հայտնում կառավարությանը»,-ասաց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:
Կառավարության մոտ երթի մասնակիցները գավաթը հանձնեցին դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











