Շվեդիայի տեսարժան վայրերից մեկի՝ սառցե հյուրանոցի սեփականատերերին քաղաքի ղեկավարությունը պարտավորեցրել է հակահրդեհային ազդանշանային համակարգ տեղադրել:
Հյուրանոցը կառուցում են ամեն տարի, եւ այդ պատճառով էլ այն ենթակա է կառուցվող բոլոր նոր շենքերին վերաբերող օրենքներին, գրում է The Local-ի շվեդական մասնաճյուղը: Հրատարակչությունը չի հայտնում, թե արդյոք առաջին անգամ են հյուրանոցին պարտավորեցնում հակահրդեհային ազդանշանային համակարգ տեղադրել:
Ըստ հյուրանոցի մամուլի քարտուղար Բեատրիս Կարլսոնի՝ թեեւ աշխատակիցներին մի փոքր զարմացրել է իշխանությունների հրահանգը, հյուրանոցում իսկապես այրվելու բաներ կան. օրինակ՝ համարների մահճակալները, որոնց վրա կան եղնիկի մորթիներ, իսկ անկողինները ջեռուցվող սավաններ եւ բարձեր են, հայտնում է «lenta.ru»-ն:
Հյուրանոցի համար հատուկ ազդանշանային համակարգ է ստեղծվել, որը կարող են աշխատել նաեւ արտակարգ պայմաններում. դրանք ստեղծելիս հաշվի է առնվել, որ հյուրանոցի պատերը կարող են հալվել:
Ամբողջությամբ սառույցի կտորներից կառուցված Ice Hotel-ը գտնվում է Շվեդիայի հյուսիսի Յուկկասյարվի փոքր քաղաքում: Այն առաջին անգամ բացվել էր 1990թ.:











