«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչն անհարիր է հայ ժողովրդի մտածելակերպին: Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիներին և լրագրողներին հայտնեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք աշխատել ենք մինչև հիմա սերունդների համերաշխության սկզբունքի վրա: Բարոյական արժեք է եղել, երբ որդին պահել է իր հորը, հայրն էլ, իր ժամանակին լինելով որդի, պահել է իր հորը: Այս համակարգից ենք մենք հրաժարվում: Ոնց որ հիմա երիտասարդը տանի` հորը ծերանոց հանձնի, ամեն մեկն իր թոշակն ինքնուրույն ձևավորի, այսինքն՝ մենք մեր ավանդույթներից, մեր արմատներից ուղղակի կտրում ենք մեր ազգին: էս որևէ տեղ ոչ ազգային, ոչ ժողովրդավարական նորմերի մեջ, մեր ժողովրդի պատկերացումների մեջ չի կարող մտնել, մեր մենթալիտետին անհարիր բան է»,-ասաց ՀՅԴ պատգամավորը։
Նրա խոսքով՝ սա անհասկանալի, անհեռանկար, արտագաղթը խրախուսող քաղաքականություն է եւ երիտասարդ սերնդին է հարվածում. «Փոխանակ նրանց խրախուսենք, որ կարողանան արտոնություններ ունենալ, տեղ գտնեն, աշխատեն, մենք էս գլխից իրանցից 5 տոկոս վերցնում ենք»:
Անդրադառնալով պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգելու համար նոյեմբերի 15-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելու ՀՀԿ նախաձեռնությանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք պատրաստվում էին հիմնավորել իրենց առարկությունը, մինչդեռ ՀՀԿ-ն ընտրեց հեշտ ճանապարհ՝ նիստին չմասնակցել. «Որովհետեւ գիտեն, որ ասելիք չունեն»։
Ռուստամյանի խոսքով՝ իրենք Ազգային ժողովում իրենց հնարավորություններն օգտագործելու են այս օրենքի «հակաքրեագիտությունը, հակասահմանադրականությունը փաստելու» եւ օրենքի կիրառումը կանխելու համար։











