«Հավասար հնարավորություններ բոլորին» «մատչելի միջավայր», «կրթություն բոլորի համար». այս գրությամբ ցուցապաստառներով եւ կոչերով այսօր՝ նոյեմբերի 15-ին «Հույսի կամուրջ» հկ-ի նախաձեռնությամբ  հաշմանդամություն ունեցող մարդիկ բողոքի խաղաղ երթ էին կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ պահանջով, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց լիարժեք ապրելու համար համապատասխան միջավայր ստեղծվի:

«Մեր պահանջն է, որ ստեղծվի մատչելի միջավայր բոլորի համար եւ մենք կարողանանք տեղաշարժվել, սա մեր սահմանադրական  իրավունքն է: Այսօր էլ երթի ժամանակ բավականին խնդիրների հանդիպեցինք, մայթերում միայն բորդյուրներ են, թեքահարթակներ չկան, որտեղ էլ որ կա, ստանդարտով չի»,- բողոքում էր 23-ամյա Արեւիկ Մելքոնյանը:

Երթն ավարտվեց քաղաքապետարանի մոտ, որտեղ երթի մասնակիցները քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բողոք-նամակ հանձնեցին քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանին։

«Մենք բացի նոր կառուցվող մի քանի թեքահարթակներից այլ փոփոխություն չենք տեսնում, ավտոբուսների խնդիրն էլ կա, դրա մասին կարծես ավելորդ է խոսել, դրանք մնացել են որպես խոստում: Այսօր շատ դպրոցներ, մանկապարտեզներ հիմնանորոգվում են, բայց դրանց դռները էլի փակ են հաշմանդամություն ունեցող երեխաների առաջ, քանի որ դրանք հարմարեցված չեն»,- քաղաքապետի օգնականին ասաց Զարուհի Բաթոյանը:

Սամվել Մերթարջյանն աաց, «իրենք անում ենք ամենամաքսիմալը», ինչին հակյադարձեց «Բարև, ես եմ» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը՝ ասելով, որ քաղաքապետարանի կատարած «մաքսիմում աշխատանքները տեսանելի չեն»:

«Հաշմանդամություն ունեցող մարդը տնից մեկ քայլ անգամ չի կարող անել, ամեն օր նորակառույցներ են կառուցվում, ոչ մի շենք չի հարմարեցվում, նոր կառուցված թեքահարթակները հարմար չեն, դրանք ուղղակի դիզայներական լուծումներ են», -ասաց Անի Քոչարը: