«Ազգային ինքնորոշում միավորումը» նախագահ Սերժ Սարգսյանին 5 օր է տալիս հայտարարելու համար, որ Հայաստանը հրաժարվում է Մաքսային միությանը միանալուց։ Այս մասին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարեց նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ կազմակերպված ակցիայի ժամանակ՝ նշելով, որ հակառակ դեպքում նոյեմբերի 28-ին լինելու է մեծ հանրահավաք, որի ժամանակ «Սերժ Սարգսյանին ստիպելու են հրաժարական տալ»։ (ֆոտոռեպորտաժ)
«Սերժ Սարգսյանը երկու տարբերակ ունի. կամ մտնել Մաքսային Միություն կամ հեռանալ»,- ասաց ԱԻՄ նախագահը։
Ըստ Հայրիկյանի՝ հայ ժողովրդի մեծ մասը կողմնորոշված է դեպի ԵՄ։ «Դրանից հետո գալիս են նրանք, ովքեր ասում են՝ մենք մեր ինքնորոշման կողմնակիցն ենք։ Ուզում ենք լինել ինքներս մեզ, ոչ մեկի հետ գործ չունենք։ Այդ հատվածը դեռեւս չի հասել այն ըմբռնմանը, չնայած դրանք իմ կողմնակիցներն են, որ ԵՄ-ն հենց այդպիսի Հայաստանի կողմնակից է»,- ասաց Հայրիկյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ կազմում կան անդամ պետություններ, որոնք նույնիսկ եվրոգոտում չեն, պահպանում են իրենց ինքնությունը։
Մյուս խումբը, ըստ Հայրիկյանի դասակարգման, չկողմնորոշվածներն են, նոր միայն ՝ Մաքսային միության կողմնակիցները։ «Սովետական Միությունը գործակալական հզոր ցանց ուներ, որն իր ժառանգներով մի տաս տոկոս կկազմեին։ Մյուսները մոլորյալներն են կամ վախեցողները»։
Այս տվյալները, Հայրիկյանի խոսքով, իրենք ստացել են «գիտական անաչառությամբ իրականացված հարցումների արդյունքում»։ Նա Սերժ Սարգսյանին կոչ արեց սեփական սոցհարցումներն անել եւ համոզվել իրենց ներկայացրած տվյալների ճշմարտացիության մեջ։
ԱԻՄ անդամները «ուղերձ-նախազգուշացում» փոխանցեցին նախագահի աշխատակազմին՝ պահանջելով ենթարկվել ժողովրդի մեծամասնության կամքին եւ հետ կանգնել Մաքսային Միությանն անդամակցելու որոշումից։
ԱԻՄ-ի կազմակերպած ակցիային միացել էին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որը կանգնել է՝ «Շանթը սկսեց, մենք էլ կշարունակենք» գրությամբ պաստառը ձեռքին։











