Բաբաջանյան փողոցի թիվ 53 շենքի 9-րդ հարկում գտնվող բնակարանում ապրող Հակոբյաններին այսօր առավոտյան պատշգամբի հենարանի պոկվելու աղմուկն է արթնացրել: Տանտերերին թվացել է՝ տանն ինչ-որ բան է ընկել, հանգստյան օրվա քունը չեն ցանկացել խանգարել, բայց 5 րոպեից լսել են դռան թակոցը։
«Հարևանները դուռը թակեցին, վեր կացա եկա, տեսա պատշգամբը չկա: Պոկվել ընկել էր, փառք Աստծո, ոչ մեկ տակը չի եղել, ոչ մի վնաս չկա: 13 տարի է՝ էստեղ ենք ապրում, ոչ մի բան չենք նկատել, որ ասենք թույլ էր, հնարավոր է՝ պոկվեր»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Հակոբյանների դուստրը՝ Էլմիրան։
Դեպքի վայր մեկնած ԱԻՆ-ի աշխատակիցները Հակոբյաններին ասել են, որ երկաթբետոնե հենապատը քայքայվել է անձրևաջրերի պատճառով և պոկվել:
Համատիրության նախագահ Ն. Պետրոսյանը NEWS.am-ին ասաց, որ հենց վաղն իրենք կզբաղվեն պատշգամբի վերանորոգման աշխատանքով: Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ տարիներ շարունակ շենքի վերջին հարկի բնակարանի ֆասադը պաշտպանող ծածկ չի եղել, ինչի հետեւանքով էլ անձրեւաջրերը քայքայել են պանելային շենքի կախովի պատշգամբի հենապատը։
Նշենք, որ Մաթիա Սեբաստիա համայնքում գտնվող շենքը բավական անմխիթար վիճակում էր։ 80-ականների սկզբին շահագործման հանձնված պանելային շենքի ֆասադի պանելները տեղաշարժված են։ Շենքի կախովի պատշգամբների մեծ մասը անձրեւից պաշտպանող ծածկ չունեին։











