Նոյեմբերի 16-ին Սայաթ- Նովա 10/5 հասցեում նախկին կաթսայատան փոխարեն կառուցվող կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինհրապարակ է մտել ամբարձիը՝ «Լարկո գրուպի» կաթսայատան  քանդած պանելները տեղափոխելու համար։

Հարակից շենքերի բնակիչները, որոնք երկար ժամանակ պայքարում են «իրենց շենքերի սեյսմակայունությունը վտանգող» նորակառույցի շինարարության դեմ, NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ կռունկը բակ էր մտել՝ փակելով ճանապարհի մեծ մասը եւ անհարմարություններ պատճառել բնակիչներին: «Հերիք չի՝ տեղը փոքր է, նենց էր փողոցը փակել, որ բնակիչների մեքենաների համար ճանապարհ չկար»,- NEWS.am-ին պատմեց շենքի բնակիչներից Հռիփսիկ Պետրոսյանը:

Սայաթ-Նովայի բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանի մեքենան էլ բակ մտնելիս հարվածել է կառուցապատողի բերած կռունկին: Փաստաբանը ցանկացել է ապահովագրական ծառայությանը կանչել, «Լարկո գրուպի» աշխատակիցները փորձել են նրան համոզել. գումար են առաջարկել, որպեսզի ԱՊՊԱ չկանչի:

«Ասել են՝ ինչքան գումար պետք ա, կտանք 20 000 դրամ էլ ավել կտանք, մենակ մի կանչի, Ալբերտ Կանդալյանը ԱՊՊԱ կանչեց, իրենց չլսեց»,- պատմեցին բնակիչները:

Հռիփսիկ Պետրոսյանն ասաց, որ այսօր ոստիկաններ չեն եկել շինհրապարակ, դրա փոխարեն նորից եկել են «Լարկո գրուպի» «տղաները», որոնք ամեն օր գալիս են հսկելու, որ բնակիչները չխոչընդոտեն շինարարությունը: