Վարդան Պետրոսյանին նոյեմբերի 18-ի առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոցից» «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոն տեղափոխելը կապված չի եղել նրա առողջական վիճակի վատթարացման հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց կենտրոնի տնօրեն, սրտաբան Շահեն Խաչատրյանը՝ հայտարարելով, որ դերասանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը «Դատապարտյալների հիվանդանոցի» բուժանձնակազմի նախաձեռնությունն է եղել, եւ որ «Դատապարտյալների հիվանդանոցում» նա պատշաճ բուժօգնություն է ստացել։

 «Հայտարարում եւ հավաստիացնում եմ, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի հետ որեւիցե լուրջ փոփոխություներ չկան: Նա այստեղ է գտնվում քրեակատարողական հիմնարկի բժիշկների աշխատանքի շնորհիվ: Նրանք շատ շահագրգռված էին, որ նրա առողջական վիճակը կայուն լինի: Բժշկական համատեղ որոշում է կայացվել, որպեսզի այստեղ տեղափոխվի եւ մասնագիտական հետազոտություններ կատարվեն ընդհանուր վիճակի պարզաբանումներ մտցնելու համար։ Վարդան Պետրոսյանի այստեղ գտնվելը բարի կամք է հատկապես այդ հիմնարկի աշխատողների կողմից»:

Շահեն Խաչատրյանը, որը երկար տարիներ Վարդան Պետրոսյանի բժիշկն է եղել, պատմեց, որ նա մինչեւ այս, ինչպես իր տարիքի շատ տղամարդիկ, որոշակի խնդիրներ է ունեցել սիրտ-անոթային համակարգի հետ:

Իսկ այժմ հետվիրահատական եւ հոգեբանական վիճակները նորից բերել են գանգատների առաջացման: Վարդան Պետրոսյանը օրգանիզմի ֆուկցիոնալ վիճակը բարելավելու թերապիա է ստանում, մասնագիտական հետազոտությունների ենթարկվում եւ դեռ մի քանի օր կմնա բուժհաստատությունում: Վարդան Պետրոսյանի հիվանդասենյակը հսկում են ոստիկանները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, որը վիրահատվել էր։ Հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան ներըմահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորվել էր եւ առողջական վատ վիճակի պատճառով դատարանից տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»։