Նոյեմբերի 7-ին Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատողները Մարզի Բամբակաշատ գյուղում բերման են ենթարկել գյուղի մի քանի երիտասարդների, որոնք վիճաբանել էին գյուղի գերեզմանատանը։
Բամբակաշատ գյուղի բնակիչներ Թելման, Արման, Էդգար Հարությունյանները և Թենգիզ ու Ռզգան Խուդոյանները խոստովանական ցուցմունք են տվել և մանրամասնել կատարվածը: Նրանց խոսքով, դեպքի օրը իրար լավ չէին հասկացել և որոշել էին պարզաբանել փոխհարաբերությունները:
Վիճաբանությունն ի սկզբանե ծագել էր Հարությունյանների և Խուդոյանների միջև: Հետո Հարությունյաններն իրենց կողմից էին մարդ բերել, Խուդոյաններն` իրենց: Հանդիպման վայր ընտրել էին գյուղի գերեզմանոցի հարակից տարածքը:
Ծեծկռտուքի ընթացքում կրտսեր եղբայրներին օգնելու եկած Թելման Հարությունյանն ԻԺ27 մոդելի երկփողանի հրացանից օդ էր կրակել: Նրա պատմելով՝ տեսնելով, որ կռիվը չի դադարում, ինքը մեկ անգամ օդ է կրակել:
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











