Նոյեմբերի 19-ին Երեխաների դեմ բռնության կանխարգելման միջազգային օրվա առթիվ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը բռնության իմիտացիա էր կազմակերպել ավագ դպրոցների երեխաների մասնակցությամբ՝ պարզելու, թե ինչպես են մարդիկ արձագանքում փողոցային բռնությանը։

Ավագ դպրոցների սաները վեճի իմիտացիան խաղացել են մի քանի մարդաշատ վայրերում՝ հիմնական կանգառներում։ Երկու երիտասարդ վիճել են ու քաշքշել իրար աղջկա պատճառով, աղջիկն սկսել է օգնություն կանչել։ Անցորդների 95 տոկոսը անտարբեր է մնացել։ Միջամտել է 4 մարդ, այն էլ՝ տարեցներ։ Բեմադրությունից հետո դպրոցականները մոտեցել են մարդկանց, հարցրել, թե ինչն է պատճառը, որ չեն միջամտել։ Հիմնական պատասխանը եղել է. «Չենք ճանաչում, դրա համար չենք մոտենում»։ Մի կին դժգոհել է, թե իր խնդիրներն առանց այդ էլ շատ են, ու իրեն հետաքրքիր չի, մի անցորդ էլ ասել է. «Երեխաներ են, թող կռվեն էլի»։

«Այսինքն այսօր մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ մեր հասարակությունը դարձել է անտարբեր»,- NEWS.am-ին ասաց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Երևանի տարածքային զարգացման ծրագրի համակարգող Զառա Ասլանյանը։